Կաթողիկոսի հեռացում, Եկեղեցու բարենորոգում․ ի՞նչ է նախատեսում կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը

20.08.2026, 11:00
2026-2031թթ․–ի կառավարության ծրագրում ամրագրվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի պաշտոնանկության հետ կապված դրույթներ
Կաթողիկոսի հեռացում, Եկեղեցու բարենորոգում․ ի՞նչ է նախատեսում կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ 2026-2031 թվականների կառավարության ծրագրում ամրագրվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի պաշտոնանկության հետ կապված դրույթներ։

Ինչպես նշված է կառավարության ծրագրում, արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։

«Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու` ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը ( հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն», – նշվում է ծրագրում։

Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր: Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը:

Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքներիպետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն։

Հայաստանի իշխանությունների և Կաթողիկոսի միջև հակամարտության մասին

Հայաստանի իշխանությունների և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև հակամարտությունը բացահայտ փուլ տեղափոխվեց 2025 թվականին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին մեղադրեց կուսակրոնության ուխտը խախտելու, քաղաքականությանը միջամտելու մեջ և կոչ արեց հեռանալ՝ նախաձեռնելով Եկեղեցու «բարենորոգման» գործընթաց: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս գործողությունները որակեցին որպես պետության միջամտություն ՀԱԵ ներքին գործերին և արշավ հոգևորականության դեմ:

2026 թվականին հակամարտությունը ստացավ դատական բնույթ. Գարեգին Բ-ին և վեց արքեպիսկոպոսների մեղադրանք առաջադրվեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար: Հուլիսին գործն ուղարկվեց դատարան, իսկ օգոստոսի 7-ին սկսվեց դրա քննությունը: Կաթողիկոսը և նրա պաշտպանությունը հետապնդումը համարում են անհիմն և քաղաքականապես մոտիվացված: