Ինքնահայեցումը քաղաքական գործչի համար պարտադիր բաղադրիչ է. Ալեքսանյանն անդրադարձել է Ղազինյանի հետ միջադեպին
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովի այսօրվա նիստում փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ երեկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել ԱԺ-ում այն բանից հետո, երբ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կարգապահական տույժ հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ՝ հավելելով, որ վերջինս մեկ օրով զրկվում է նիստին մասնակցելու իրավունքից։ Դրանից հետո Ալեքսանյանը նիստերի դահլիճ կանչեց ՊՊԾ աշխատակիցներին, որպեսզի դուրս հրավիրեն Ղազինյանին, սակայն վերջինս ինքնակամ հեռացավ նիստերի դահլիճից։ Որոշ ժամանակ անց «Ուժեղ Հայաստան»–ի բոլոր պատգամավորները հեռացան ԱԺ շենքից։
«Կարևոր եմ համարում երեկ տեղի ունեցածի հետ կապված մի բան ասել: Առհասարակ ինքնահայեցումը քաղաքական գործչի համար պարտադիր ու կարևորագույն բաղադրիչ է, ու ես նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար, ու դրանից հետևություններ կարվեն: Բայց խնդրում եմ, որ ինքնահայեցումը նաև փոխադարձ լինի, որովհետև վստահ եմ, որ եթե դուք էլ ձեր մասով նայեք, ձեր մասով դուք էլ ինքնահայեցման հարց կտեսնեք»,- ասաց Ալեքսանյանը:
Ղազինյանն էլ հորդորեց ԱԺ նախագահությանը, որպեսզի նիստերի բնականոն ընթանալու և նմանատիպ միջադեպեր չլինելու համար այն, ինչ հնչում է ամբիոնից, տարածվի բոլորի վրա:
«Որպեսզի տեղից մեր նյարդերն էլ տեղի չտան, և ընդհանրապես այս խնդիրները չլինեն, հորդորում եմ ընդամենը նիստը կանոնակարգելու և վարելու հետ կապված նախագահությունն արձագանքի: Իմ հորդորը դա է, ու այսպիսի միջադեպեր, համոզված եմ, չեն լինի»,- ասաց Ղազինյանը:
Ալեքսանյանն արձագանքեց. «Ձեր միտքը լսելի է»:

