Այս պատմությունն ավարտվելու է դիվերսիֆիկացիայով. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին

20.08.2026, 13:25
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումներն ավարտվելու են դիվերսիֆիկացիայով
Այս պատմությունն ավարտվելու է դիվերսիֆիկացիայով. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումներն ավարտվելու են դիվերսիֆիկացիայով։

«Եթե նույնիսկ հենց հիմա Ռուսաստանի շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք մեկընդմիշտ մեզ ապահովագրենք», - ասաց Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից ներկայացվող պահանջներին՝ վարչապետը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է անհրաժեշտ ստուգումների անցկացմանը։

«Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկեք ստուգեք, եկեք իրար հետ ստուգենք», - նշեց Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից սպասում է հետաքննության արդյունքները և ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը։

Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք տարտադրանքի մատակարարումների նկատմամբ՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։

Սահմանափակումների ներքո են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ կենդանի ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը։

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը։