Այդ գույքի շուկայական արժեքը 0 է, այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի. Փաշինյանը` վարդաշենցիների ակցիայի մասին

20.08.2026, 14:14
Այս մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի, և այդ գույքի շուկայական արժեքը 0 է․ Փաշինյանը մեկնաբանել է վարդաշենցիների գույքային խնդիրը
Այդ գույքի շուկայական արժեքը 0 է, այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի. Փաշինյանը` վարդաշենցիների ակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․ /Նովոստի–Արմենիա/. Պետությունը Վարդաշենի վթարային շենքերի բնակիչների նկատմամբ բնակարան տրամադրելու կամ փոխհատուցում վճարելու պարտավորություն չունի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Վարդաշենի վթարային շենքերի բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց բնակարանների հարցի լուծման համար առաջարկվող փոխհատուցման չափի դեմ։ Նրանց խոսքով՝ առաջարկվող գումարով անգամ 5 քառակուսի մետր տարածքով բնակարան ձեռք բերել հնարավոր չէ։

«Այս մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի, և այդ գույքի շուկայական արժեքը 0 է։ Մենք դրա դիմաց առաջարկում ենք 7 միլիոն դրամ։ Հանրապետությունում կան տեղեր, որտեղ կարելի է 7 միլիոն դրամով գույք ձեռք բերել կամ կեցություն ապահովել»,– ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ պետությունը ծանոթանալու է ստեղծված իրավիճակին, սակայն, նրա խոսքով, պետք է արձանագրել, որ պետությունը պարտավորություն չունի բնակիչների համար բնակարան ձեռք բերելու կամ փոխհատուցելու հարցում։ 

Նշենք, որ Վարդաշենը գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում։