Հայաստանը կընդունի հեծանվորդների Ճապոնիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից Tour of Armenia-ի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի «Tour of Armenia» հեծանվաերթ։
Գործադիրն ընդունել է որոշում՝ սեպտեմբերի 10-13-ը ՀՀ-ում անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու նպատակով։
Ըստ այդմ՝ նախատեսվում է միջոցառման կազմակերպման գործընթացում ներգրավված պետական մարմինների և կառույցների գործունեության համար անհրաժեշտ կազմակերպչական պայմանների ապահովում՝ հաշվի առնելով միջոցառման միջազգային, բազմօրյա և բազմամարդ բնույթը։
Կարգավորումը միտված է միջոցառման հետ կապված կազմակերպչական հարցերի արդյունավետ լուծմանը և դրա անցկացման ընթացքում անհրաժեշտ միջոցառումների պատշաճ իրականացման ապահովմանը։
Արդյունքում՝ Հայաստանը կդառնա վստահելի գործընկեր միջազգային սպորտային միջոցառումների կազմակերպման ոլորտում՝ ամրապնդելով իր հեղինակությունը։
Միջազգային միջոցառման անցկացումը կնպաստի ՀՀ զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման համար գրավիչ ուղղության ներկայացվածության ընդլայնմանը։
Միջոցառման միջազգային հարթակներում լուսաբանումը և մասնակիցների կողմից Հայաստանի տարբեր բնակավայրեր այցելությունը կարող են նպաստել Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը և երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 10-13-ը և ունենալու է 4-օրյա տևողություն:
Այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Գավառ-Մեծ Մասրիկ ճանապարհով՝ 135 կմ երկարությամբ: Երկրորդ օրը կանցկացվի Կիրանց-Ստեփանավան հատվածը՝ 177 կմ երկարությամբ: Երրորդ օրը նախատեսված է Մարտունի-Դիլիջան հատվածը՝ 162 կմ երկարությամբ՝ Պարզ լճում հանգրվանելով:
Չորրորդ օրը մրցաշարը կանցկացվի ամբողջությամբ Երևանում՝ 113 կմ ընդհանուր երկարությամբ, որտեղ հեծանվորդները 10 անգամ կանցնեն 11,3 կիլոմետրանոց հատվածը:
«Սա հնարավորություն կտա նաև հանդիսատեսին հավաքվել և հետևել հեծանվաերթին: Նախատեսում ենք, որ մրցաշարին կմասնակցեն տարբեր երկրների 18-20 թիմեր: Արդեն իսկ պարզ է, որ աշխարհագրությունը շատ բազմազան է՝ Ճապոնիա, Իտալիա, Ղազախստան, Մեծ Բրիտանիա, Թայլանդ, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխիա, Գերմանիա և այլ երկրներից տարբեր թիմերի մասնակցություն ունենք: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ հեծանվային մրցաշարը հեռարձակվելու է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հեղինակավոր հարթակներով:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ միջոցառումն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվում 884 մլն դրամի չափով:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը Հայաստանում և նշել, որ այն կպաստի երկրում պրոֆեսիոնալ սպորտը զարգացմանն ու Հայաստանի տեսանելիությունը բարձրացմանը:

