Գավառում «Թումո տուփ» կտեղադրվի․ Գործադիրը հողամաս հատկացրեց «Սիմոնյան» կրթական հիմնադրամին

20.08.2026, 17:00
Տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ «Թումո տուփի մեջ» ծրագրի իրականացման նպատակով
Գավառում «Թումո տուփ» կտեղադրվի․ Գործադիրը հողամաս հատկացրեց «Սիմոնյան»  կրթական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Թումանյան փողոց, 11 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցնել Գավառի ավագ դպրոցից:

Տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ «Թումո տուփի մեջ» ծրագրի իրականացման նպատակով:

«Թումո տուփի մեջ» նախագիծը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Ծրագրի շահառուներն են 12-18 տարեկան պատանիները, իսկ ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով։

«Թումո տուփը» կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում: Նշված կառույցները ցանկացած ժամանակ հնարավոր է տեղափոխել այլ վայր: