Դիետոլոգը պարզաբանել է սեխի և այլ մթերքների համադրելիության մասին միֆերը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հանրության շրջանում լայնորեն տարածված է այն կարծիքը, թե սեխը չի կարելի համադրել այլ մթերքների, հատկապես՝ մսի հետ, կամ այն ուտել անմիջապես լավ սնվելուց հետո, քանի որ այն իբր սկսում է խմորվել՝ առաջացնելով վտանգավոր գազեր և թունավոր սպիրտներ: Բժիշկ-դիետոլոգ, մանկական էնդոկրինոլոգ Անաստասիա Տարասկոն պարզաբանել է, թե որքանով է այս պնդումը համապատասխանում իրականությանը, փոխանցում է aif-ը։
Մարսողության մասին միֆն ու իրականությունը
Մասնագետի խոսքով՝ այն թեզը, թե սեխը ստամոքսը վերածում է «խմորման տակառի», ամբողջությամբ միֆ է և վկայում է մարդու մարսողական համակարգի աշխատանքի մասին գիտելիքների բացակայության մասին:
«Ոչ միայն սեխը, այլև սպիտակուցները (միս, ձուկ) և մնացած ողջ սնունդը մարսվում են բարակ աղիում: Գործընթացն սկսվում է ստամոքսում, որտեղ ամբողջ սնունդը միախառնվում է մեկ միասնական սննդային պարկի մեջ, մշակվում հյութերով, ապա շարունակվում բարակ աղիում: Չկա նման բան, որ սպիտակուցը մարսվի մի տեղում, իսկ մնացած սնունդը՝ մեկ այլ», - պարզաբանել է բժիշկը:
Նա նաև հավելել է, որ սպիտակուցային սնունդը ստամոքսում կարող է մնալ 10-12 ժամ, հետևաբար՝ մթերքները միմյանցից «անջատելու» համար ժամանակ պահելու անհրաժեշտություն չկա:
Ովքե՞ր պետք է զգույշ լինեն
Այնուամենայնիվ, դիետոլոգը նշում է, որ որոշ մարդիկ ունեն բարձր զգայունություն հում մրգերի և հատապտուղների նկատմամբ: Նրանց իսկապես չի առաջարկվում դրանք օգտագործել հագեցնող ուտելիքի ընդունումից անմիջապես հետո:
Բացի այդ, ցանկացած մարդու մոտ կուշտ սնվելուց հետո մեծ քանակությամբ սեխ օգտագործելը կարող է առաջացնել ծանրության և գերսնման զգացում: Սակայն պատճառը կոնկրետ սեխը չէ, այլ ընդհանուր սննդի չափաքանակի շատ լինելը:
Անվտանգության հիմնական կանոնները
Տհաճ հետևանքներից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տվել հետևել պարզ կանոնների.
- Չափավորություն. Պահպանել չափավորություն ինչպես հիմնական սննդի, այնպես էլ սեխի սպառման հարցում:
- Մթերքի որակ. Գնելիս ուշադրություն դարձնել, որ սեխը լինի հասուն, առանց փտման հետքերի, բորբոսի, կեղևի վնասվածքների կամ տհաճ հոտի:
- Հիգիենա. Սեխը կտրելուց առաջ պարտադիր լավ լվանալ:
Դիետոլոգը ընդգծել է, որ աղեստամոքսային համակարգի խնդիրները կարող են առաջանալ ոչ թե հենց սեխից, այլ փչացած մթերքի վրա բակտերիաների արտադրած տոքսիններից:

