Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայաստանում COP17-ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հայաստանում՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում վրացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Հայաստան և մասնակցել գագաթնաժողովին։ Կոբախիձեն ընդունել է հրավերը։
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության ընթացքը։
COP17 համաժողովը կանցկացվի Հայաստանում 2026 թ.-ի հոկտեմբերի 19-ից 30-ը։ Նախատեսվում է քննարկել կենսաբազմազանության պահպանման միջազգային պարտավորությունների կատարումը։

