Ինչպես փրկել շանը արտակարգ իրավիճակներում․ հայ անասնաբույժը նշել է առաջին օգնության գլխավոր կանոնները

26.08.2026, 12:40
Այսօր նշվող Շների միջազգային օրվա առիթով Vahe Mkrtchyan's vet clinic-ի գլխավոր անասնաբույժ Վահե Մկրտչյանին ներկայացրել ենք շների հետ կապված մի շարք արտակարգ իրավիճակներ՝ խնդրելով մասնագետին պարզաբանել, թե ինչպես պետք է գործել յուրաքանչյուր իրավիճակում
Ինչպես փրկել շանը արտակարգ իրավիճակներում․ հայ անասնաբույժը նշել է առաջին օգնության գլխավոր կանոնները

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օձի խայթոց, ուժեղ արյունահոսություն, այրվածք, ավտովթարից կամ բարձրությունից ստացած վնասվածք․ նման իրավիճակներում շան կյանքը կարող է կախված լինել առաջին րոպեներին տիրոջ ճիշտ գործողություններից։

Օգոստոսի 26-ին նշվող Շների միջազգային օրվա առիթով «Նովոստի–Արմենիա»-ն Vahe Mkrtchyan's vet clinic-ի գլխավոր անասնաբույժ Վահե Մկրտչյանին ներկայացրել է շների հետ կապված մի շարք արտակարգ իրավիճակներ՝ խնդրելով մասնագետին պարզաբանել, թե ինչպես պետք է գործել յուրաքանչյուր իրավիճակում։

1. Ուժեղ արյունահոսություն

собака кровотечение

Առաջին և ամենակարևոր քայլը ուղղակի ճնշումն է վերքի վրա։ Վերքին պետք է դնել ստերիլ թանզիֆ կամ, դրա բացակայության դեպքում, մաքուր կտոր և 5–10 րոպե շարունակ ուժեղ, հավասարաչափ սեղմել՝ անընդհատ չբարձրացնելով այն՝ ստուգելու համար, թե արյունահոսությունը դադարե՞լ է։

Եթե առաջին շերտը ներծծվում է արյունով, այն չպետք է հանել. վերևից ավելացվում են նոր շերտեր և շարունակվում է ճնշումը։ Այնուհետև կարելի է դնել ճնշող վիրակապ, բայց ոչ այնքան ամուր, որ խանգարվի թաթի արյան շրջանառությունը։

Եթե արյունահոսում է հենց կտրված եղունգը, արագ հեմոստազի համար ամենահարմարն է հեմոստատիկ փոշին։ Դրա բացակայության դեպքում ժամանակավոր տարբերակ կարող է լինել եգիպտացորենի օսլան կամ ալյուրը։

Եթե արյունահոսությունը ուժեղ է, պուլսացնող է, 5–10 րոպե ճիշտ ճնշումից հետո չի դադարում, վերքը խորն է կամ թաթի բարձիկը զգալիորեն կտրված է՝ անհրաժեշտ է անհապաղ դիմել անասնաբույժի։

2. Օձի խայթոց

собака, змея

Օձի հնարավոր թունավոր խայթոցը պետք է համարել անհետաձգելի վիճակ։

Առաջին րոպեներին պետք է հնարավորինս սահմանափակել շան շարժումները և արագ կազմակերպել տեղափոխումը անասնաբուժական կլինիկա։ Եթե հնարավոր է, շանը ավելի լավ է տանել գրկած կամ պատգարակով, քան թույլ տալ քայլել։ Նպատակն այն է, որ կենդանին հնարավորինս հանգիստ մնա, ինչը հնարավորինս կդանդաղեցնի թույնի տարածումը օրգանիզմով։

Հնարավորության դեպքում պետք է նկարել կամ առավելագույնս հիշել օձի տեսքը, գլխի ձևը, առանձնահատուկ նախշերը կամ գույները՝ տեսակը որոշելու համար, ինչը հետագա բուժման և հակաթույնի ընտրության հարցում չափազանց կարևոր է։

Չի կարելի.

  • կտրվածք անել խայթոցի տեղում,
  • փորձել բերանով քաշել թույնը,
  • այրել վերքը,
  • դնել սառույց կամ շատ սառը կոմպրես,
  • տաքացնել խայթոցի տեղը,
  • կիրառել էլեկտրական հոսանք,
  • դնել ամուր ժգուտ,
  • սպասել ախտանշանների առաջացմանը՝ որոշելու համար՝ գնալ կլինիկա, թե ոչ։

Այս գործողություններից մի քանիսը ոչ միայն անարդյունավետ են, այլև կարող են մեծացնել հյուսվածքային վնասումը։

3. Միջատի կամ մեղվի խայթոց

собака пчелы

Փոքր տեղային այտուցը կամ ցավը դեռևս չի նշանակում անաֆիլաքսիա։ Վտանգավոր նշաններն են՝ դեմքի, շրթունքների կամ պարանոցի արագ զարգացող այտուցը, շնչառության դժվարացումը, արտահայտված թուլությունը, փսխումը, հանկարծակի լուծը, ուժեղ թքարտադրությունը, գունատ լնդերը, կոլապսը կամ գիտակցության խանգարումը։

Շների մոտ կարևոր առանձնահատկություն կա. անաֆիլաքսիան պարտադիր չէ առաջին հերթին արտահայտվի շնչառական ախտանշաններով։ Շների մոտ հաճախ շատ արտահայտված են ստամոքսաղիքային և շրջանառության ախտանշանները՝ հանկարծակի փսխում, լուծ, թուլություն և կոլապս։

Այս ախտանշաններից որևէ մեկի դեպքում պետք է անհապաղ տեղափոխել շանը կլինիկա։ Անաֆիլաքսիայի հիմնական շտապ դեղամիջոցը ադրենալինն է, սակայն դրա կիրառումը և հետագա շոկային թերապիան պետք է իրականացվեն բժշկական ցուցումներով։

4. Ավտովթար կամ անկում բարձրությունից

собака

Այո, նրան պետք է տեղափոխել կլինիկա, բայց հնարավորինս քիչ շարժելով։

Սկզբում արագ գնահատում ենք երեք կարևոր բան՝ շունը գիտակցո՞ւմ է, շնչո՞ւմ է, կա՞ ուժեղ արտաքին արյունահոսություն։ Սակայն տանը կամ փողոցում երկար «վնասվածքներ փնտրելով» ժամանակ կորցնել պետք չէ։ Ավտովթարից կամ բարձրությունից ընկնելուց հետո արտաքին վնասվածքների բացակայությունը չի բացառում ներքին արյունահոսությունը, թոքերի վնասումը, գանգուղեղային կամ ողնաշարային վնասվածքը։ Որոշ բարդություններ կարող են ակնհայտ դառնալ ավելի ուշ։

Եթե կասկած կա, որ ողնաշարը վնասվել է, ցանկալի է շանը տեղափոխել հնարավորինս կայուն դիրքով՝ օրինակ ամուր հարթ մակերեսի վրա։ Կոտրված վերջույթը չպետք է փորձել ուղղել։

5. Շունն ինչ–որ առարկա է կուլ տվել

собака

Նախ պետք է տարբերել երկու իրավիճակ։

Եթե շունը շնչում է, նույնիսկ եթե առարկա է կուլ տվել, պետք չէ կույր ձևով ձեռքը մտցնել կոկորդը կամ ինքնուրույն փսխում առաջացնել։ Պետք է կապ հաստատել անասնաբույժի հետ և հնարավորինս արագ որոշել օտար մարմնի տեղակայումը։

Եթե շունը չի կարողանում շնչել և իրականում խեղդվում է, բերանը կարելի է բացել և հեռացնել առարկան միայն այն դեպքում, եթե այն հստակ տեսանելի է և հեշտ հասանելի։ Կույր մատնային շարժումներով առարկան փնտրելը վտանգավոր է. այն կարելի է ավելի խորը մղել, իսկ խուճապի մեջ գտնվող շունը կարող է ուժեղ կծել։

Հատկապես վտանգավոր են ասեղները, ապակին, սուր ոսկորները, թելերը, ձկնորսական կարթերը և երկար գծային օտար մարմինները։ Եթե բերանից թել է դուրս գալիս, այն չի կարելի քաշել, քանի որ մյուս մասը կարող է արդեն ֆիքսված լինել աղիներում և քաշելիս վնասել կամ պատռել աղիքը։

Ինքնուրույն փսխում առաջացնել նույնպես խորհուրդ չի տրվում առանց անասնաբույժի ցուցման. որոշ օտար մարմինների և նյութերի դեպքում դա կարող է առաջացնել կերակրափողի վնասում կամ ասպիրացիա։

6. Երբ իրավիճակն իսկապես վտանգավոր է

собака

Անհապաղ կլինիկա դիմելու «կարմիր դրոշներն» են․

  •     դժվարացած կամ արտասովոր շնչառություն,

  •        կապտավուն/մոխրագույն կամ շատ գունատ լնդեր,

  •      գիտակցության կորուստ կամ կոլապս,

  •      շունը չի կարողանում կանգնել, ունի ցնցումներ, ուժեղ չդադարող արյունահոսություն, արտահայտված ցավ,

  •       հանկարծակի մեծացած ու ցավոտ որովայն հատկապես անարդյունավետ փսխման փորձերի հետ մեկտեղ,

  •       խեղդվելու նշաններ,

  •        ծանր վնասվածք,

  •        օձի խայթոց,

  •       թունավորման կասկած կամ արագ վատացող ընդհանուր վիճակ։

Այս դեպքերում պետք չէ սպասել՝ «տեսնենք մինչև առավոտ ինչ կլինի»։

7. Ինչպե՞ս ճիշտ կտրել շան եղունգները

собака, стричь ногти

Եղունգի ներսում գտնվում է հատված, որտեղ կան արյունատար անոթներ և նյարդային վերջավորություններ։

Բաց կամ թափանցիկ եղունգների դեպքում այն սովորաբար երևում է որպես վարդագույն հատված։ Ցանկալի է կտրվածքը կատարել դրանից մոտավորապես 2–3 մմ առաջ։ Մուգ կամ սև եղունգների դեպքում այն արտաքինից չի երևում, ուստի եղունգը պետք է կարճացնել աստիճանաբար՝ յուրաքանչյուր անգամ մոտ 1–2 մմ։

Եթե եղունգի կենդանի մասը պատահաբար կտրվել է, պետք է թանզիֆով կամ մաքուր կտորով ճնշում գործադրել և օգտագործել հեմոստատիկ փոշի։ Եթե այն չկա՝ ժամանակավորապես կարելի է օգտագործել եգիպտացորենի օսլա կամ ալյուր։

Եթե 5–10 րոպե շարունակ ճիշտ ճնշումից հետո արյունահոսությունը չի դադարում, եղունգը պոկված կամ ճեղքված է մինչև հիմքը, ցավն արտահայտված է կամ հետագայում առաջանում է այտուց/արտադրություն՝ անհրաժեշտ է անասնաբուժական զննում։

8. Փսխում կամ փորլուծություն․ ե՞րբ կարելի է պարզապես սպասել

собака

Եթե չափահաս, ընդհանուր առմամբ առողջ շունը մեկ անգամ փսխել է կամ ունեցել է մեկ-երկու դրվագ փափուկ կղանքի, բայց շարունակում է լինել ակտիվ, ջուր է խմում, չունի ցավ, արյուն կամ այլ ախտանշաններ, կարելի է կարճ ժամանակ հետևել վիճակին։ Սուր փսխման որոշ թեթև դեպքեր իսկապես կարող են ինքնուրույն անցնել 24 ժամվա ընթացքում։

Բայց սպասել վտանգավոր է, եթե առկա են կրկնվող կամ անդադար փսխում, շատ հաճախակի ջրիկ լուծ, արյուն փսխման կամ կղանքի մեջ, սև՝ ձյութանման կղանք, արտահայտված թուլություն, ջրազրկում, որովայնային ցավ կամ փքվածություն, ջուրը պահելու անկարողություն, բարձր ջերմություն, գիտակցության փոփոխություն, կուլ տված օտար մարմնի կամ թույնի կասկած։

Շան տարիքը նույնպես կարևոր է. ձագերի, շատ փոքր շների, տարեց կենդանիների և քրոնիկ հիվանդություն ունեցող շների դեպքում օգնության դիմելու շեմը պետք է ավելի ցածր լինի։

9. Ի՞նչ անել այրվածքի դեպքում

собака, ожог

Առաջին գործողությունը ջերմության աղբյուրից կենդանուն հեռացնելն է։

Ջերմային այրվածքի հատվածը պետք է սառեցնել սառը/զով հոսող ջրով, բայց չօգտագործել ագրեսիվ սառեցում։ Այնուհետև հատվածը կարելի է ծածկել մաքուր, չկպչող վիրակապով և դիմել անասնաբույժի, հատկապես եթե այրվածքը մեծ է, խորն է կամ ընդգրկում է դեմքը, բերանը կամ շնչուղիները։

Այրվածքի վրա չպետք է քսել յուղ, կարագ, ատամի մածուկ կամ այլ «տնային» միջոցներ։ Դրանք չեն չեզոքացնում ջերմային վնասումը և կարող են դժվարացնել վերքի հետագա գնահատումն ու բուժումը։

Խորը, մեծ մակերեսով, էլեկտրական, քիմիական կամ դեմքի/շնչուղիների այրվածքները պետք է համարել անհետաձգելի վիճակ։

10. Ի՞նչ պետք է լինի յուրաքանչյուր շան տիրոջ առաջին օգնության պայուսակում

собака

Լավ հավաքածուն պետք է նախատեսված լինի կենդանուն կայունացնելու և անվտանգ հասցնելու կլինիկա, ոչ թե տնային պայմաններում բուժելու համար։

Օգտակար է ունենալ տարբեր չափերի ստերիլ թանզիֆներ, գլանափաթեթային և ինքնակպչուն վիրակապ, չկպչող վերքային անձեռոցիկներ, բժշկական կպչուն ժապավեն, ֆիզիոլոգիական լուծույթ վերքերը կամ աչքերը լվանալու համար, հեմոստատիկ/ստիպտիկ փոշի, բութ ծայրով մկրատ, պինցետ, մեկանգամյա ձեռնոցներ, թվային ջերմաչափ, փոքր սրբիչ կամ ծածկոց, սառը կոմպրես և համապատասխան չափի դնչկալ։ Պետք է նաև ունենալ սեփական անասնաբույժի և մոտակա շտապ օգնության կլինիկայի հեռախոսահամարներն ու կենդանու հիմնական բժշկական տվյալները։

Դեղամիջոցներ հավաքածուում պահելը նպատակահարմար է միայն այն դեպքում, երբ անասնաբույժը տվյալ կենդանու համար նախապես հստակ բացատրել է՝ ինչ դեղ, ինչ դեղաչափով և որ իրավիճակում օգտագործել։

11. Եթե յուրաքանչյուր շան տիրոջ պետք է սովորեցնել ընդամենը 5 գործողություն մինչև անասնաբույժին հասնելը, որո՞նք կլինեին դրանք։

собака

- Արագ գնահատել գիտակցությունը, շնչուղիները, շնչառությունը և արյան շրջանառությունը։
Առաջին հերթին պետք է հասկանալ՝ շունը գիտակցո՞ւմ է, ազատ շնչո՞ւմ է, կա՞ կյանքին սպառնացող արյունահոսություն։ Սա նույն առաջնահերթության տրամաբանությունն է, որն օգտագործվում է շտապ անասնաբուժական տրիաժում։

- Կարողանալ դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
Մաքուր թանզիֆ → անմիջական կայուն ճնշում → անհրաժեշտության դեպքում նոր շերտեր վերևից → ճնշող վիրակապ → կլինիկա։

- Կարողանալ ճանաչել շնչուղիների խցանումը և իմանալ շների CPR-ի (սրտաթոքային վերակենդանացում) հիմունքները։
Եթե շունը անգիտակից է և չի շնչում, ժամանակը չափազանց կարևոր է։ Ժամանակակից խորհուրդներով CPR-ի ժամանակ կրծքավանդակի սեղմումների հաճախականությունը մոտավորապես 100–120/րոպե է։

- Վնասված կենդանուն հնարավորինս քիչ շարժել և ճիշտ տեղափոխել։
Հատկապես ավտովթարի, բարձրությունից ընկնելու, կոտրվածքի կամ ողնաշարի հնարավոր վնասման դեպքում։ Արտաքինից «նորմալ» տեսքը չի բացառում ներքին ծանր վնասվածքը։

- Իմանալ, թե երբ պետք է ոչինչ չանել և պարզապես հնարավորինս արագ հասնել կլինիկա։
Օձի խայթոց, ծանր վնասվածք, շնչառական դժվարություն, կոլապս, ուժեղ արյունահոսություն, թունավորման կասկած, անաֆիլաքսիա, ցնցումներ, ստամոքսի հնարավոր ոլորում կամ ծանր այրվածք. այս իրավիճակներում տանը «բուժելու» փորձը հաճախ պարզապես կորցնում է ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը։

Այս ամբողջ թեմայի հիմնական ուղերձը շան տիրոջ համար շատ պարզ է. առաջին օգնության նպատակը վերջնական բուժումը չէ։ Պետք է պահպանի շնչառությունը և արյան շրջանառությունը, վերահսկել արյունահոսությունը, կանխել լրացուցիչ վնասումը և ապահովել հնարավորինս արագ ու անվտանգ տեղափոխումը անասնաբուժական կլինիկա։

Թող ձեր չորքոտանի ընկերը միշտ առողջ լինի և ձեր օրը լցնի ուրախությամբ ու բարությամբ։