Ամառային ո՞ր մթերքներն են վտանգավոր ընտանի կենդանիների համար․ մասնագետի խորհուրդները

21.08.2026, 20:25
Օգոստոսին մեր սեղանին հայտնվում են հատկապես շատ թարմ մրգեր և հատապտուղներ, և շատերը ցանկանում են դրանցով կիսվել ընտանի կենդանիների հետ, սակայն ոչ բոլոր սեզոնային պտուղներն են անվտանգ նրանց համար
Ամառային ո՞ր մթերքներն են վտանգավոր ընտանի կենդանիների համար․ մասնագետի խորհուրդները

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսին մեր սեղանին հայտնվում են հատկապես շատ թարմ մրգեր և հատապտուղներ, և շատերը ցանկանում են դրանցով կիսվել ընտանի կենդանիների հետ, սակայն ոչ բոլոր սեզոնային պտուղներն են անվտանգ նրանց համար։

«Օրենք և առողջություն» հիմնադրամի տնօրեն Գրիգորի Բալագուրովը aif.ru-ին պատմել է, թե որ բնական աղանդերները և ինչ քանակությամբ է կարելի կամ չի կարելի տալ կատուներին և շներին։

Ձմերուկ և սեխ

Փորձագետի խոսքով՝ շներին երբեմն կարելի է փոքր-ինչ ձմերուկի միջուկ տա, քանի որ այն շատ ջուր է պարունակում ուստի շոգ եղանակին կարող է հաճելի ուտեստ լինել։

«Սակայն նախապես հարկավոր է ամբողջությամբ հեռացնել կեղևն ու կորիզները: Կեղևը վատ է մարսվում, և մեծ կտոր կուլ տալու դեպքում կարող է առաջացնել կենդանու ստամոքս-աղիքային տրակտի հետ կապված խնդիրներ, իսկ կորիզների մեծ քանակը նույնպես անցանկալի է: Ձմերուկն ավելի լավ է տալ փոքր կտորներով և քիչ-քիչ. քաղցր միջուկի ավելցուկը կարող է առաջացնել մարսողության խանգարում», - նշում է Բալագուրովը։

Մասնագետի խոսքով` առողջ շանը սեխի հասած միջուկի փոքր քանակությունը նույնպես սովորաբար չի վնասում, սակայն պետք է հեռացնել կեղևն ու կորիզները։ Սեխը, շաքարի բարձր պարունակության պատճառով, խորհուրդ չի տրվում տալ կանոնավոր, իսկ ավելորդ քաշ, նյութափոխանակության կամ ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող, ինչպես նաև տարեց կենդանիներին այն տալուց առաջ ցանկալի է խորհրդակցել անասնաբույժի հետ։

Իսկ կատուների դեպքում, ձմերուկն ու սեխը սննդակարգի անհրաժեշտ մաս չեն։ Եթե կենդանին հետաքրքրություն է ցուցաբերում, կարելի է նրան տալ փոքր քանակությամբ միջուկ՝ առանց կեղևի և կորիզների, սակայն նման մթերքներին սովորեցնել խորհուրդ չի տրվում։

Վտանգավոր կորիզներ

Մասնագետը նշում է, որ ընտանի կենդանիներին կարելի է առաջարկել փոքր քանակությամբ խնձոր կամ տանձ՝ նախապես հեռացնելով դրանց միջուկը, սերմերը և պոչը: Դեղձերն ու նեկտարինները, ինչպես նաև ծիրանները նույնպես թույլատրելի են որպես հազվադեպ հյուրասիրություն, սակայն կորիզը պետք է անպայման հեռացնել: Նույնը վերաբերում է սալորներին:

Հատապտուղներից ընտանի կենդանիներին կարելի է տալ հապալաս, ազնվամորի, մոշ, եթե այն լավ լվացված է, և կենդանին նորմալ է տանում այն: Ծանոթությունը ցանկացած նոր մթերքի հետ ցանկալի է սկսել մեկ-երկու հատապտղից։

Ավելի զգույշ է պետք լինել բալի հետ: Միջուկն ինքնին փոքր քանակությամբ խնդիր չէ, բայց կորիզները, տերևներն ու պոչերը կարող են վտանգավոր լինել:

Մրգերն ու հատապտուղները անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ, նույնիսկ եթե դրանք հավաքված են սեփական հողամասից: Չի կարելի կենդանիներին տալ փտած, խմորված կամ բորբոսնած պտուղներ:

Ի՞նչ չի կարելի տալ կենդանիներին

Խաղող և չամիչ շներին տալ չի կարելի: Դրանք, ըստ մասնագետի, ընունակ են առաջացնել երիկամների ծանր ախտահարում: Եթե շունը պատահաբար խաղող կամ չամիչ է կերել, ավելի լավ է չսպասել ախտանիշների ի հայտ գալուն, այլ կապ հաստատել անասնաբույժի հետ:

Ընտանի կենդանիներին քաղցրավենիք տալ նույնպես չի կարելի: Եթե ցանկանում եք հյուրասիրել կենդանուն ինչ-որ վիտամինային բանով, ավելի լավ է տալ թարմ, անվտանգ պտղի փոքրիկ կտոր՝ առանց կորիզների և կեղևի: Ընդ որում՝ նույնիսկ թույլատրված մրգերն ու հատապտուղները պետք է մնան որպես հյուրասիրություն, այլ ոչ թե վերածվեն սննդակարգի: