Կարմի՞ր, թե՞ սպիտակ միս․ ի՞նչ է ցույց տվել գրեթե մեկ միլիոն մարդու մասնակցությամբ 38–ամյա հետազոտությունը

19.08.2026, 21:15
Կարմի՞ր, թե՞ սպիտակ միս․ ի՞նչ ցույց տվել 38 տարի տևած հետազոտությունը
Կարմի՞ր, թե՞ սպիտակ միս․ ի՞նչ է ցույց տվել գրեթե մեկ միլիոն մարդու մասնակցությամբ 38–ամյա հետազոտությունը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Կարմիր և վերամշակված մսի ավելի ցածր սպառումը կապված է եղել մի շարք պատճառներով մահվան ռիսկի չնչին նվազման հետ, իսկ միայն սպիտակ մսով սնվելը՝ ո բնակչության րոշխմբերում ավելի ցածր մահացության հետ:

Նման եզրահանգման են եկել հետազոտողները՝ վերլուծելով գրեթե մեկ միլիոն մարդկանց տվյալները մինչև 38 տարվա ընթացքում։ Աշխատությունը հրապարակվել է Current Developments in Nutrition գիտական ամսագրում:

Հետազոտությունը հիմնված է Ամերիկյան ուռուցքաբանական ընկերության (American Cancer Society) Cancer Prevention Study-II-ի տվյալների վրա: Վերլուծության մեջ ներառվել է 998 378 չափահաս՝ 1982 թվականին դիտարկման պահին 30-ից 95 տարեկան հասակում:

Մասնակիցների մահացության տվյալներին հետևել են մինչև 2020 թվականը: Այս ժամանակահատվածում մահացել է 626 017 մարդ:

Որքան միս են կերել մասնակիցները

Հետազոտողները մասնակիցներին բաժանել են մի քանի խմբի՝ կախված կարմիր և վերամշակված մսի օգտագործման հաճախականությունից:

Բարձր է համարվել նման մթերքների օգտագործումը շաբաթական առնվազն վեց օր, միջին՝ չորսից մինչև վեց օրից պակաս, ցածր՝ շաբաթական 0,5-ից մինչև չորս օրից պակաս:

Առանձին վերլուծվել են այն մարդիկ, որոնք օգտագործել են սպիտակ միս, բայց չեն կերել կարմիր և վերամշակված, ինչպես նաև բուսակերները:

Մասնակիցների մեծամասնությունը կանոնավոր կերպով կերել է կարմիր կամ վերամշակված միս. 37%-ը պատկանում էր բարձր սպառման խմբին, 31%-ը՝ միջին, և ևս 31%-ը՝ ցածր:

Ընդ որում, մասնակիցների միայն մոտ 1%-ն է մտել բացառապես սպիտակ միս օգտագործողների խմբի մեջ, իսկ բուսակեր էին ընդամենը 0,4%-ը:

Ինչ ցույց տվեց համեմատությունը

Այն մասնակիցների համեմատությամբ, որոնք կարմիր կամ վերամշակված միս էին օգտագործում շաբաթական առնվազն վեց օր, դրա ցածր սպառում ունեցող մարդիկ վերլուծվող տարբեր խմբերում ունեցել են բոլոր պատճառներից, սրտի հիվանդություններից և քաղցկեղից մահվան մոտ 1–5%-ով ավելի ցածր ռիսկ:

Բացի այդ, կարմիր և վերամշակված մսի ցածր մակարդակով օգտագործումը կապված է եղել կաթվածից մահվան մոտ 4%-ով ավելի ցածր ռիսկի հետ:

Էֆեկտը վիճակագրորեն նշանակալի էր, սակայն ինքնին տարբերությունները համեմատաբար փոքր էին:

Իսկ ի՞նչ կարելի է ասել սպիտակ մսի մասին

Ավելի նկատելի արդյունքներ հետազոտողները ստացել են մարդկանց առանձին խմբերի համար, որոնք չեն օգտագործել կարմիր և վերամշակված միս, բայց կերել են սպիտակ միս՝ թռչնամիս կամ ձուկ:

Նման սննդակարգը կապված է եղել բոլոր պատճառներով մահվան ավելի ցածր ռիսկի հետ տղամարդկանց, մարմնի նորմալ զանգված ունեցող մարդկանց և այն մասնակիցների շրջանում, որոնց հասակը հետազոտության սկզբում 50-ից 64 տարեկան էր: Այս խմբերում ռիսկի նվազումը կազմում էր մոտ 5–7%:

Հատկապես հետաքրքիր արդյունքներ են հայտնաբերվել 80 և ավելի բարձր տարիքի մասնակիցների շրջանում: Այն մարդկանց մոտ, որոնք օգտագործել են միայն սպիտակ միս, ցանկացած պատճառով մահվան ռիսկը եղել է մոտ 6%-ով ավելի ցածր, իսկ քաղցկեղից մահվան ռիսկը՝ 9%-ով ավելի ցածր՝ կարմիր և վերամշակված մսի բարձր սպառման խմբի համեմատ:

Ընդ որում, վերլուծվող ցուցանիշների և ենթախմբերի մեծամասնության համար հետազոտողները միայն սպիտակ մսից կազմված սննդակարգի հետ վիճակագրորեն նշանակալի կապ չեն հայտնաբերել:

Բուսակեր սննդակարգի դեպքում արդյունքները նույնպես ցույց չեն տվել մահացության կայուն նվազում բոլոր խմբերում: Որպես հնարավոր պատճառներից մեկը հեղինակները նշում են ուսումնասիրվող խմբում բուսակերների փոքր թիվը:

Արդյո՞ք սա նշանակում է, որ սպիտակ միսը երկարացնում է կյանքը

Ո՛չ: Հետազոտությունը ցույց է տալիս վիճակագրական կապեր, բայց չի ապացուցում, որ հենց կարմիր մսից հրաժարվելը կամ սպիտակ մսին անցնելն է դարձել ավելի ցածր մահացության պատճառ:

Հետազոտողները հաշվի են առել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ մասնակիցների ժողովդագրական բնութագրերը, ապրելակերպը և առողջական վիճակը, սակայն մարդկանց միջև այլ տարբերությունների ազդեցությունն ամբողջությամբ բացառելն անհնար է:

Կա ևս մեկ էական սահմանափակում. սննդակարգը գնահատվել է հետազոտության սկզբում՝ 1982 թվականին, հարցաթերթիկի միջոցով: Դիտարկման տասնամյակների ընթացքում մասնակիցների սննդային սովորությունները կարող էին փոխվել:

Բացի այդ, կարմիր և վերամշակված միսն ամբողջությամբ բացառած մարդկանց խմբերը համեմատաբար փոքր էին:

Հետևաբար, հեղինակները եզրակացությունը ձևակերպում են զգուշորեն. կարմիր և վերամշակված մսի սահմանափակումը կապված է եղել ընդհանուր մահացության և առանձին հիվանդություններից մահվան ռիսկի չնչին, բայց վիճակագրորեն նշանակալի նվազման հետ:

Այս մթերքների ամբողջական բացառումը կարող է կապված լինել լրացուցիչ օգտի հետ մարդկանց որոշ խմբերի համար, սակայն դա հաստատելու համար անհրաժեշտ են հետագա խոշոր հետազոտություններ: