Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում արձանագրվել են բուլինգ և պարբերական կոնֆլիկտներ․ ծեծկռտուքից հետո 13-ամյա սովորողը տեղափոխվել է հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Կրթության տեսչական մարմինը վարույթ է հարուցել Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում 13-ամյա սովորողների մասնակցությամբ ծեծկռտուքի և երեխային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ ահազանգից հետո։
Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, վարույթը հարուցվել է Կրթության տեսչական մարմնի Թեժ գիծ հեռախոսակապով ստացված ահազանգի հիման վրա՝ Երևանի N հիմնական դպրոց-ի 7-րդ դասարանում 13-ամյա սովորողների մասնակցությամբ ծեծկռտուքի և երեխային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ։
Զանգահարող քաղաքացին խնդրել էր Կրթության տեսչական մարմնին՝ իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրել տվյալ դեպքը և հաստատությունում տիրող բարոյահոգեբանական վիճակը։ Նշված հարցի վերաբերյալ նա գրառում էր կատարել նաև սոցիալական ցանցերում։
Վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են սովորողների վարքագծի, կարգապահության և միջանձնային հարաբերությունների հետ կապված գործընթացներում մանկավարժական աշխատողների՝ մասնավորապես հոգեբանի, ուսուցչի օգնականների, դասղեկների, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների գծով համակարգողի և տնօրենի պաշտոնային պարտականությունների կատարման լիարժեքությունը և արդյունավետությունը։
«Վարչական վարույթի ընթացքում արձանագրվել է, որ դպրոցում ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը կայուն է, սակայն 7-րդ դասարանում այն խաթարված է՝ պարբերական կոնֆլիկտների, բուլինգի և անարդյունավետ հակազդման պատճառով։ Ուսուցչի օգնականը չի ապահովել պատշաճ դիտարկումներ, վերլուծություններ և կանխարգելիչ աջակցություն սովորողների միջև դրական միջանձնային հարաբերություններ ձևավորելու համար (ՀՀ կառավարության 216-Ն որոշման խախտում)», – նշվում է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նշվում է, որ դպրոցի հոգեբանը չի իրականացրել համակարգված և շարունակական աշխատանք ագրեսիայի, բռնության ու բուլինգի կանխարգելման ուղղությամբ, չի մասնակցել ոստիկանության ու ծնողների հանդիպումներին (ՀՀ կառավարության 216-Ն որոշման խախտում)։
Դասղեկը ծեծկռտուքի մասին սահմանված կարգով (1 աշխատանքային օրում) չի տեղեկացրել տնօրինությանը (տնօրենն իմացել է ոստիկանությունից), չի ապահովել պատշաճ արտադասարանային/դաստիարակչական միջոցառումներ և ծնողների հետ շարունակական կապ (ՀՀ կառավարության 1392-Ն որոշման խախտում)։
Կրթության աջակցության համակարգողը չի ապահովել անհրաժեշտ միջամտություն կոնֆլիկտային իրավիճակներում և պատշաճ հսկողություն՝ կարգապահական կանոնների պահպանման նկատմամբ (ՀՀ կառավարության 216-Ն որոշման խախտում)։
Տնօրենի պաշտոնակատարը չի իրականացրել լիարժեք և համակարգված վերահսկողություն 7-րդ «ա» դասարանի սովորողների վարքի և աշխատակիցների պարտականությունների կատարման նկատմամբ (ՀՀ կառավարության 216-Ն որոշման խախտում)։
Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ նշվում է, որ ծնողական խորհրդի գործունեությունում բացակայում են ծնողներին իրենց իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելու փաստերը (ՀՀ կառավարության 1392-Ն որոշման խախտում)։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները չեն ապահովվել անհրաժեշտ մանկավարժահոգեբանական աջակցությամբ (ՀՀ ԿԳՆ 370-Ն հրամանի խախտում)։
Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ նշվում է, որ ելնելով վերոգրյալից՝ Կրթության տեսչական մարմնի ղեկավարը դպրոցի տնօրինությանը տվել է կարգադրություն։ Կարգադրությամբ հանձնարարվել է՝ կարգավորել և ապահովել մանկավարժական աշխատողների պարտականությունների պատշաճ ու օրենսդրահամապատասխան կատարումը։ Ապահովել ԿԱՊԿ ունեցող սովորողներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության պատշաճ կազմակերպումը։ Լրացուցիչ մեթոդական խորհրդատվություն տրամադրել դասղեկին (բուլինգի կանխարգելման և դեռահասների հետ աշխատանքի ուղղությամբ)։ Իրականացնել անհատական հոգեբանական աշխատանք սովորողի հետ (ագրեսիայի, նյարդայնության հաղթահարման և ինքնատիրապետման զարգացման ուղղությամբ)։

