«Դուրս եկե՛ք դահլիճից». ԱԺ-ում իրավիճակը լարվեց փոխխոսնակի և ընդդիմադիր պատգամավորի միջև վեճից հետո

19.08.2026, 15:23
Չորեքշաբթի լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ ԱԺ-ում այն բանից հետո, երբ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կարգապահական տույժ հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ
«Դուրս եկե՛ք դահլիճից». ԱԺ-ում իրավիճակը լարվեց փոխխոսնակի և ընդդիմադիր պատգամավորի միջև վեճից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ ԱԺ-ում այն բանից հետո, երբ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կարգապահական տույժ հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ։

«Տիգրա՛ն Աբրահամյան, Ձեզ հայտնում եմ նախազգուշացում։ Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում»,- ԱԺ նիստում հայտարարեց Ալեքսանյանը՝ այնուհետև հավելեց, որ վերջինս զրկվում է այսօր ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից։

«Պարո՛ն Ղազինյան, տեղից այլևս չխոսեք, Ձեր խմբակցության նիստը չէ սա, Ձեզ պահեք կարգուկանոնով։ Դուրս եկե՛ք դահլիճից, պարո՛ն Ղազինյան: Խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան և պարոն Ղազինյանին ուղեկցեն դուրս: Լավ, ինքն է դուրս գալիս, թող դուրս գա», - ասաց փոխխոսնակը:

Ի նշան բողոքի՝ Դավիթ Ղազինյանը և «Ուժեղ Հայաստան» խմբակցության մյուս բոլոր անդամները լքեցին դահլիճը: