Ազատություն Արեգնազ Մանուկյանին և ձերբակալված մյուս քաղբանտարկյալներին. բողոքի ակցիա` ԵՄ դեսպանատան մոտ
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Եվրոպական միության դեսպանատան շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա` ի աջակցություն ազատազրկված անձանց։
Մասնավորապես, ակցիայի մասնակիցները հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, որը գտնվում է կալանքի տակ։
Հավաքվածները նաև տորթ էին բերել՝ ի պատիվ Մանուկյանի դստեր ծննդյան օրվա։
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, որ իրենք հավաքվել են այդտեղ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանում ահռելի թվով քաղբանտարկյալների վերաբերյալ։
«Այսօր վաղ առավոտյան իմացանք, որ քննիչը «բարեհաճել է» գոնե ծննդյան օրվա կապակցությամբ երեխային թույլ տալ տեսակցել մորը` Արեգնազ Մանուկյանին։ Սակայն դա կրելու է ընդամենը մեկանգամյա բնույթ։ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը և տեսակցությունները շարունակում են մնալ նույնը», - նշել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ կալանքը՝ որպես խափանման միջոց, դարձել է արատավոր պրակտիկա Հայաստանում, որը ազատությունից զրկել է շատերին։
«Այսօր ազատազրկման են դատապարտված Արեգնազ Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Գագիկ Ծառուկյանը, Ավետիք Չալաբյանը, Արմեն Աշոտյանը, Մարտուն Գրիգորյանը և ՀՀ շատ այլ քաղաքացիներ։ Այն բոլոր միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները, եվրոպական կազմակերպությունները, որոնք հռչակել են մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, ազատ խոսքը, ժողովրդավարությունը որպես իրենց առաջնային գործունեության ուղղություն, պարտավոր են գնահատական տալ և հստակ մոտեցում ցուցաբերել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Սակայն մինչև այս պահը մենք տեսնում ենք լռելյայն համերաշխություն Հայաստանի իշխանությունների հետ», - ասել է Սուքիասյանը։
Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր հերթին հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես՝ իրավապահ համակարգի նախաձեռնությունները և դատարանների որոշումները, իրենց մեջ պարունակում են բռնության տարրեր։
Արեգնազ Մանուկյանի գործի մասին
Հուլիսի 9-ին Մանուկյանը կալանավորվեց 2 ամսով։ Քննչական կոմիտեի տվյալներով՝«Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)»
Ավելի վաղ Մանուկյանը հարցաքննվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է անցկացրել նրա բնակարանում, ինչից հետո նա կանչվել էր հարցաքննության՝ որպես վկա։

