Հայաստանում ջերմաստիճանը կնվազի մինչև 7 աստիճանով․ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 25–ից սկսած տաք օդի ալիքն աստիճանաբար նահանջում է դեպի հարավ, դուրս է գալիս հանրապետության տարածքից, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սուրենյանը նշել է, որ սեպտեմբերի 25–ին ցերեկային ժամերին արդեն հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2–ից 4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, որտեղ առկա է նաև ամպամածություն, այն կնվազի 5–ից 7 աստիճանով։
Նրա խոսքով, ջերմաստիճանի հաջորդ նվազումը կդիտվի սեպտեմբերի 28–ից 29–ն ընկած ժամանակահատվածում։
«Հանրապետության ողջ տարածքում այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4–ից 5 աստիճանով», – նշել է Սուրենյանը։
Նա հայտնել է, որ սեպտեմբերի 25–ին և 26–ին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են միայն Գեղարքունիքի և Վայոց Ձորի առանձին հատվածներում։
«Սեպտեմբերի 27–ին երկրի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ ահա սեպտեմբերի 28–ի հետկեսօրյա ժամերին, հատկապես երեկոյան ժամերին, Հայաստան արևմուտքից կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28–ին երեկոյան ժամերին, սեպտեմբերի 29–ից 30–ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ», – նշել է Սուրենյանը։
Նա նաև անդրադարձել է վերջին օրերին հանրապետությունում գրանցված անոմալ շոգերին։
«Ինչպես և կանխատեսվել էր սեպտեմբերի 23-ին և 24-ին արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցման հետևանքով Հայաստանի ողջ տարածքում գրանցվել է բավականին բարձր ջերմային ֆոն։ Սեպտեմբրի 23–ին և 24–ին մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները», – ասել է Սուրենյանը։
Նա նաև նշել է, որ օդի օրական միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի դրությամբ կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։

