ՀՀ քաղաքացիների 80%-ը դեմ է արտահայտվել Տիգրանաշենն Ադրբեջանին փոխանցելուն․ հարցում
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Gallup International Association-ի հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել Տիգրանաշենն Ադրբեջանին փոխանցելուն։
Ինչպես նշել է հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, Հայաստանի քաղաքացիների 59%-ը նշել է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և իշխանությունները իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին։
«21%-ը նշել է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումն Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր», - ասել է նա։
Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 6.4%-ը պատասխանել է, որ Տիգրանաշենը Հայաստանին չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին, 3.5%-ն ունեցել է այլ կարծիք, 10.1%-ը դժվարացել է պատասխանել։
Սեպտեմբերի 22-24-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 մարդ:
Ավելի վաղ Փաշինյանը, անդրադառնալով անկլավների թեմային, հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է իրականացվի 1991 թ.-ի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, և այդ քարտեզների վրա Քյարքին (Տիգրանաշենը, խմբ․) Հայաստանի տարածք չէ։
Տիգրանաշենի մասին
Տիգրանաշենը գտնվում է Արարատի մարզում և Հայաստանի գործող փաստաթղթերում նշված է որպես Արարատ համայնքի բնակավայր։ Խորհրդային շրջանում տարածքը, որն Ադրբեջանն անվանում է Քյարքի, վարչականորեն պատկանում էր Նախիջևանին։ 1990-ականների սկզբից այն գտնվում է Հայաստանի փաստացի վերահսկողության տակ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ տարածքը, որն ինքն անվանում է Քյարքի և դասում նախկին ադրբեջանական անկլավների շարքին, չի մտնում Հայաստանի իշխանությունների կողմից ճանաչվող հանրապետության 29 743 քառ. կմ տարածքի մեջ։ Արծվաշենը, նրա խոսքով, հակառակը, մտնում է այդ տարածքի մեջ։
Ընդ որում, ինչպես նշել է Փաշինյանը, Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն համաձայնեցրել նախկին անկլավների և էքսկլավների հարցի լուծման գործնական մեխանիզմը։

