Հայաստանում կմեկնարկի բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը, ո՞վ և ինչպե՞ս է հանձնելու քննությունը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

25.09.2026, 16:18
Հունվարի 1-ից կմեկնարկի բուժաշխատողների լիցենզավորումը․ ինչպես է անցնելու գործընթացը
Հայաստանում կմեկնարկի բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը, ո՞վ և ինչպե՞ս է հանձնելու քննությունը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համար նախատեսված կենտրոնացված քննության գործընթացը և կտևի մինչև 2027 թվականի հուլիսի 1–ը։

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և նույն ինստիտուտի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Կարինե Աբրահամյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել են լիցենզավորման կարգը և սպասվող փոփոխությունները։

Ինչպե՞ս է անկացվելու լիցենզավորումը

Աբրահամյանի խոսքով` լիցենզիա ստանալու համար բուժաշխատողները պետք է անցնեն Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող կենտրոնացված քննություն։

Լիցենզավորման արդյունքում բուժաշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվությունը համարվելու է անհատական լիցենցիա։

«Կենտրոնացված քննությունը կիրականացվի թեստավորման եղանակով։ Յուրաքանչյուր թեստ բաղկացած կլինի 30 հարցից, ընդ որում, թեստում, բացի բուժաշխատողի հիմնական մասնագիտությանը վերաբերող հարցերից, ընդգրկված կլինեն նաև բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ հարցեր և առաջին բուժօգնության թեմայով հարցեր», - նշել է նա։

Քննությանը հատկացվելու է 60 րոպե, այսինքն՝ յուրաքանչյուր հարցի համար բուժաշխատողը կունենա մոտ երկու րոպե։ Այն կհանձնվի էլեկտրոնային եղանակով։

Բազարչյանի խոսքով՝ քննությունը դրական կհամարվի, եթե բուժաշխատողը 30 հարցից ճիշտ պատասխանի առնվազն 21-ին՝ այսինքն՝ հավաքի 70% և ավելի։

Քննության հարցաշարն արդեն հաստատված է, իսկ նոյեմբերի 1-ից այն հասանելի կլինի Առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի կայքերում։

Ինչպե՞ս պետք է գրանցվել քննությանը

Ինչպես նշեց Աբրահամյանը, բուժաշխատողը քննությանը մասնակցելու համար պետք է գրանցված լինի բուժաշխատողների ռեգիստրում, քանի որ լիցենզավորման ամբողջ գործընթացն իրականացվելու է ռեգիստրի միջոցով։

«Հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր բուժաշխատող իր համար ցանկալի տեղից և ժամանակ կարող է մուտք գործել համակարգ, որով կարող է մուտք գործել թեստավորման գործիք և այնտեղ, իր համար ցանկալի ժամանակ, արդեն անցնել թեստը», - նշել է նա։

Յուրաքանչյուր բուժաշխատող կունենա 3 հնարավորություն

Աբրահամյանի խոսքով՝ յուրաքանչյուր բուժաշխատող քննությունը հանձնելու համար կունենա երեք հնարավորություն։

«Եթե անձը 3 հնարավորությունն էլ ձախողում է, չի ստանում անհատական լիցենզիա և զրկվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից», - նշել է նա։

Նախատեսվում է, որ կլինի նաև մեկ փորձնական քննություն, որպեսզի բուժաշխատողները կարողանան ծանոթանալ համակարգին։

Ովքե՞ր են մասնակցելու քննությանը

Բազարչյանի խոսքով՝ կենտրոնացված քննությանը մասնակցելու են ավագ բուժաշխատողները և դեղագետները։

«Բոլորը, որոնք աշխատում են պացիենտի հետ, մասնակցելու են», - նշեց Բազարչյանը։

Նա հայտնեց, որ բուժքույրերը քննություն չեն հանձնելու։

Եթե բուժաշխատողն ունի երկու մասնագիտացում և ցանկանում է երկու մասնագիտությամբ էլ լիցենզիա ունենալ, ապա պետք է երկուսով էլ քննություն հանձնի։

Որտե՞ղ պետք է հանձնել քննությունը

Բազարչյանի խոսքով՝ արհեստական բանականությամբ ստեղծված էլեկտրոնային գործիքը հնարավորություն կտա բուժաշխատողին իր աշխատավայրից միանալ համակարգին և հանձնել քննությունը։

Համակարգը կհետևի քննության ընթացքին՝ այդ թվում՝ բացված ծրագրերին և քննություն հանձնողի դեմքի շեղումներին, և հաշվետվություն կներկայացնի քննական հանձնաժողովին։

Այն բժիշկների համար, որոնց համակարգիչը հնարավորություն չի տալիս քննությունը հանձնել, Երևանում և մարզերում կստեղծվեն հատուկ վայրեր։

«Երևան քաղաքում, մեր ինստիտուտում, որոշ բուժկենտրոններում, ինչպես նաև մարզերում նախատեսել ենք տեղադրել համակարգիչներ, ստեղծել աշխատանքային տեղեր քննություն հանձնելու համար», - ասաց Բազարչյանը։

Նա նշել է, որ քննությանը պատրաստվելու համար նախատեսվում են տեսանյութեր և տեսադասեր, իսկ հունվարից՝ նաև թրեյնինգներ Երևանում և մարզերում։

Ինչպե՞ս է տրվելու լիցենզիան

Կենտրոնացված քննությունը հանձնելուց հետո բուժաշխատողը պետք է ներկայացնի լիցենզավորման հայտ։

«Լիցենզավորման հայտին կից պետք է ներկայացվի նաև դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, որն ինքնաշխատ եղանակով ստացվում է համապատասխան պետական մարմնի ռեգիստրից, պետք է անցնի բուժզննություն, և բուժզննության տեղեկանքն ավտոմատ կգեներացվի «Armed» համակարգից ու կկցվի բուժաշխատողի գործին», - նշեց Աբրահամյանը։

Աբրահամյանը նաև հայտնեց, որ լիցենզավորման համար անհրաժեշտ կլինի վճարել 6 հազար դրամ պետական տուրք։ Ռազմական բժիշկները կազատվեն պետական տուրքի վճարից։

Արդյունքում, լիցենզավորման հանձնաժողովը, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և փաստերի առկայության դեպքում անձին կտրամադրի անհատական լիցենզիա։

Այն կտրվի 5 տարի ժամկետով, իսկ հետագայում դրա ավտոմատ երկարաձգման համար անհրաժեշտ կլինի հավաստագիր։