ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել 969 դպրոցներում գործող բուֆետներում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել հանրապետության 969 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում գործող ճաշարաններում և բուֆետներում։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ վերահսկողությունը պայմանավորված է քաղաքացիներից ստացված մտահոգություններով՝ դպրոցներում սննդամթերքի պատրաստման և իրացման սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնական տարվա մեկնարկով։
Երևանի մի շարք դպրոցներում իրականացված վերահսկողական միջոցառումների մեկնարկին մասնակցել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ տեղում ծանոթանալու դպրոցների ճաշարաններում և բուֆետներում սննդի կազմակերպման գործընթացին։
Պետրոսյանը դպրոցների պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է սննդամթերքի անվտանգության պահանջների և սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ պահպանման անհրաժեշտության վրա՝ ընդգծելով անվտանգ սննդի կազմակերպման գործընթացում սահմանված պահանջների հետևողական պահպանման կարևորությունը։
Դպրոցների, ճաշարանների և բուֆետների մշտադիտարկման աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը, որից հետո կներկայացվի ամփոփ վերլուծություն։

