Հեռացրել են 450 մետր հողի շերտ և դուրս հանել ավելի քան 300մ երկաթե խողովակ. Տավուշում գողության պահին 3 անձ է ձերբակալվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Տավուշի մարզային վարչության ծառայողները հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալու պահին ձերբակալել ու վարչություն են տեղափոխել Գեղարքունիքի մարզի երեք բնակչի։
Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 23-ին մեկնել են Հովք գյուղի վարչական տարածք:
Այն տարածքը, որտեղ այդ պահին աշխատում էր երկու տրակտոր, անմիջապես վերցվել է հսկողության:
Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ հեռացվել էր մոտ 450 մետր հողի շերտ, որից հետո զոդման միջոցով դուրս էր հանվել 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե խողովակ:
Ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

