Գինի, երաժշտություն ու պար․ Արենիում կանցկացվի գինու փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում 19-րդ անգամ կանցկացվի աշնան ամենագինառատ իրադարձությունը՝ «Արենի գինու փառատոնը»։
Այն մեկ վայրում կհամախմբի տասնյակ արտադրական և ընտանեկան գինեգործների, երաժիշտների, ազգային երգի ու պարի խմբերի, արհեստագործների և հազարավոր այցելուների։ Ողջ օրվա ընթացքում հյուրերին սպասվում են ազգային պարային և երաժշտական խմբերի, ինչպես նաև անհատ կատարողների ելույթներ։
Կազմակերպիչների խոսքով՝ անցած տարվա տվյալներով փառատոնի ընթացքում Արենի է այցելել 28-30 հազար մարդ, իսկ այս տարի սպասվում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից և Գերմանիայից։
«Արենիում լինելու է 25 գինի արտադրող, որոնց մեծ մասը Վայոց Ձորի գինու գործարաններ են», - նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը փառատոնին նվիրված ասուլիսի ժամանակ։
Փառատոնի ամբողջ տարածքում ներկայացված կլինեն արտադրական և ընտանեկան գինեգործների գինիները, համայնքին բնորոշ համեղ ուտեստները, տեղական արտադրանքը, ձեռագործ իրերը և խաղողի էնդեմիկ սորտերը։
Ինչպես նշել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, փառատոնը Էական նշանակություն է ունեցել հայկական գինու մշակույթի գործում։
«Փառատոնն առանցքային նշանակություն է ունեցել հայկական գինու մշակույթի, գինեգործության մշակույթի վերածննդի համար»,- ասել է Ապրեսյանը։
Միջոցառման մուտքն ազատ է։ Այն կմեկնարկի 11։00-ին և կշարունակվի մինչև 20։00։ Պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա 13։00-ին գինեգործության խորհրդանիշ դարձած խաղողի ճզմման ավանդական արարողությամբ։
Որպես փառատոնային հուշանվեր՝ վաճառքի տաղավարներից հնարավոր կլինի ձեռք բերել «Արենի գինու փառատոնի» բրենդավորված գինու բաժակն ու կտորե պատյանը։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են Արենի համայնքապետարանը և «Արենի փառատոն» հիմնադրամը, համակազմակերպիչը՝ «ԷվենտՏուրա․ Իրադարձային զբոսաշրջության զարգացման հիմնադրամը»։

