Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայության մատուցումը
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ 2026 թ. հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Դեսպանությունից տեղեկացնում են, որ 2026թ. մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրում:
«Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված անցումային գործընթացի կազմակերպման նպատակով՝ 2026 թ. հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը: Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական տեղեկատվական հարթակներում», – նշվում է հաղորդագրության մեջ։

