Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ փոխվարչապետի գրասենյակ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային կամ տարածքային զիջումների մասին վերջին օրերին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Փոխվարչապետի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ որոշ տեղեկատվական ռեսուրսներում տարածվող հրապարակումները, թե սահմանագծման գործընթացի արդյունքում հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ է կատարում, չեն համապատասխանում իրականությանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը», - հայտնել են գրասենյակից։
Արդեն երկու օր շրջանառվող լուրը, իբր «Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ» «հերթական հերյուրանք» էր որակել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, հերքել էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը:

