Խելացի գաջեթներից մինչև ԱԲ․ ինչ սխալներ են կատարում մարդիկ, և ինչպես է փոխվում սրտաբանությունը
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում առողջապահական գլխավոր մարտահրավերներից մեկը, և Հայաստանը բացառություն չէ։ Սակայն ժամանակակից սրտաբանությունն արդեն վաղուց դուրս է եկել միայն հիվանդությունը բուժելու շրջանակներից։
Այսօր մասնագետի հիմնական խնդիրներից մեկը ոչ միայն ախտորոշումն է, այլև այն մարդկանց հայտնաբերումը, որոնց մոտ դեռևս գանգատներ չկան, բայց առկա են ապագա ռիսկերը։
Սեպտեմբերի 29–ին նշվող Սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»-ն զրուցել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի սրտաբան–էխոկարդիոգրաֆիստ Հարություն Ղազարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է փոխվել սրտաբանությունը, ինչ ազդանշաններ են մարդիկ հաճախ անտեսում և ինչու գանգատների բացակայությունը միշտ չէ, որ նշանակում է առողջ սիրտ։
Բուժումից դեպի կանխարգելում
Սրտաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկն է։ Ըստ Հարություն Ղազարյանի՝ նույնիսկ մեկ տարվա ընթացքում ոլորտում կարող են տեղի ունենալ էական փոփոխություններ, իսկ 10 տարվա կտրվածքով տարբերությունները հատկապես նկատելի են։
«Եթե համեմատենք 10 տարի առաջ և այսօր, ապա ահռելի տարբերություններ կտեսնենք՝ ինչպես ինվազիվ սրտաբանության, այնպես էլ առիթմոլոգիայի ոլորտում։ Փոխվել են իշեմիկ հիվանդության վարման մոտեցումները, բուժման մարտավարությունը», - նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ժամանակակից սրտաբանությունը աստիճանաբար անցել է մեկ այլ մոդելի՝ ախտորոշում–բուժում մոտեցումից դեպի ռիսկերի գնահատում և կանխարգելում։
«Ավելի հեշտ է հիվանդությունը նախապես կանխարգելել, քան բուժել արդեն զարգացած փուլում», - ընդգծել է սրտաբանը։
Սրտաբանությունը միայն սրտի մասին չէ

Ժամանակակից սրտաբանն աշխատում է ոչ միայն սրտի, այլ ամբողջ օրգանիզմի հետ փոխկապակցված խնդիրների վրա։
«Սրտաբան լինելով՝ չես սահմանափակվում միայն սրտով։ Կարևոր են երիկամները, լյարդը, աչքերը, ենթաստամոքսային գեղձը, արյան մեջ շաքարի մակարդակը, նյութափոխանակությունը», - ասել է Ղազարյանը։
Նա նշել է, որ այսօր ավելի մեծ ուշադրություն է դարձվում սիրտ–երիկամ–նյութափոխանակային համախտանիշին (Cardiovascular-Kidney-Metabolic syndrome), որը միավորում է սրտանոթային, երիկամային և նյութափոխանակային ռիսկերը
Պարզեցված ձևով՝ սրտի, երիկամների և նյութափոխանակության խնդիրները կարող են փոխադարձաբար ուժեղացնել միմյանց․ օրինակ՝ սրտային անբավարարությունը կարող է վնասել երիկամները, իսկ երիկամների խանգարումները՝ բարձրացնել սրտային բարդությունների ռիսկը։
Խոլեստերինը՝ ցուցանիշ, որը հաճախ թերագնահատում են
Սրտաբանի խոսքով՝ ամենահաճախ անտեսվող ցուցանիշներից մեկը արյան մեջ խոլեստերինի մակարդակն է։
«Շատ եմ հանդիպում դեպքերի, երբ մարդն ասում է՝ իմ խոլեստերինը նորմալ է, և չի ընդունում նշանակված դեղորայքը։ Բայց դա կարող է մեծ վտանգ ներկայացնել», - նշել է նա։
Հատկապես վտանգավոր է, երբ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող կամ ստենտավորված պացիենտները ինքնուրույն դադարեցնում են բուժումը։
«Սա կարող է բարձրացնել կրկնակի ինֆարկտի և սրտային հանկարծամահության ռիսկերը», - ասել է մասնագետը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ցուցանիշ պետք է գնահատվի բժշկի հետ միասին։
Արհեստական բանականությունը կօգնի, բայց չի փոխարինի բժշկին
Արհեստական բանականությունն արդեն ներթափանցել է սրտաբանության ոլորտում։ Այն կարող է օգնել վերլուծել ԷՍԳ-ի, էխոկարդիոգրաֆիայի և Հոլտեր հետազոտությունների տվյալները, ինչպես նաև գնահատել հնարավոր ռիսկերը։
Սակայն, ըստ Ղազարյանի, այն չի կարող փոխարինել բժշկի որոշումը։
«Արհեստական բանականությունը կարող է լինել օգնող գործիք, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի բժիշկը՝ բոլոր տվյալները վերլուծելուց հետո», - նշել է նա։
Խելացի ժամացույցները՝ օգտակար գործիք, բայց ոչ ախտորոշման միջոց
Խելացի ժամացույցներն ու այլ սարքերը լայնորեն կիրառվում են՝ սրտի զարկերի, ճնշման կամ թթվածնի հագեցվածության վերահսկման համար։
Դրանք կարող են օգտակար լինել որպես առաջին ազդանշան, սակայն չեն կարող փոխարինել մասնագիտական հետազոտություններին։
«Անհեթեթություն է գաջեթի միջոցով հստակ ախտորոշել լուրջ առիթմիա և դրա հիման վրա բուժում սկսել։ Դրա համար կան ԷՍԳ, Հոլտեր, էխոկարդիոգրաֆիա և այլ հետազոտություններ», - նշել է սրտաբանը։
Ե՞րբ պետք է առողջ մարդը մտածի սրտանոթային ռիսկի մասին

Սրտային հիվանդությունների դեպքում չկա մեկ տարիք, որից սկսած բոլորը պարտադիր պետք է անցնեն նույն հետազոտությունները։ Ըստ Հարություն Ղազարյանի՝ սրտանոթային ռիսկի գնահատումը կախված է ոչ միայն տարիքից, այլև ժառանգականությունից, կենսակերպից և ուղեկցող հիվանդություններից։
«Սրտաբանության մեջ կան հիվանդություններ, օրինակ՝ կարդիոմիոպատիաները, հանկարծակի սրտային մահը կամ կյանքին վտանգ սպառնացող առիթմիաները, որոնց դեպքում մենք նույնիսկ հետազոտում ենք առաջին կարգի հարազատներին՝ հաշվի առնելով ժառանգական գործոնը», - նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ առանձին ուշադրություն է պահանջում նաև ընտանեկան հիպերխոլեստերինեմիան՝ ժառանգական վիճակ, որի դեպքում արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարող է բարձր լինել դեռ երիտասարդ տարիքից։
«Այս դեպքերում կարևոր է հետազոտել ընտանիքի անդամներին, գնահատել նրանց խոլեստերինի մակարդակը և հասկանալ սպասվող սիրտ–անոթային ռիսկերը», - ասել է սրտաբանը։
Հոգնածությունը միշտ չէ, որ պարզապես հոգնածություն է
Մարդիկ հաճախ սրտային խնդիրների նշանները վերագրում են տարիքին, սթրեսին կամ ծանր աշխատանքին։
Սակայն սրտային հիվանդությունները կարող են արտահայտվել՝
- ընդհանուր թուլությամբ,
- աշխատունակության անկմամբ,
- գլխապտույտով,
- հևոցով,
- սրտխփոցով,
- տրամադրության անկումով
«Տարեցների մոտ, օրինակ, սրտի իշեմիկ հիվանդությունը միշտ չէ, որ արտահայտվում է կրծքավանդակի ցավով։ Այն կարող է դրսևորվել ընդհանուր թուլությամբ կամ շնչարգելությամբ», - նշել է բժիշկը։
Նույնը վերաբերում է նաև տարբեր տախիբրադիառիթմիաներին և փականային հիվանդություններին։
Ամենատարածված միֆերը
Սրտաբանը նշել է մի քանի տարածված սխալ պատկերացումներ.
- «Եթե ճնշումս կարգավորվել է, կարող եմ դադարեցնել դեղը»։
- «Սրտի համար բոլորը պետք է ասպիրին ընդունեն»։
- «Եթե բարձր ճնշման դեպքում ինձ լավ եմ զգում, ուրեմն դա իմ նորման է»։
- «Եթե ստենտ ունեմ, ինֆարկտ այլևս չի լինի»։
Մասնագետի խոսքով՝ նման մոտեցումները կարող են վտանգավոր լինել։
Ի՞նչը կփոխեր սրտաբանը պացիենտների վարքագծում
Հարություն Ղազարյանի խոսքով՝ կան երկու սովորություններ, որոնք նա կցանկանար փոխել մարդկանց մեծ մասի մոտ։
Առաջինը՝ բժշկին ժամանակին դիմելը ոչ թե հիվանդության բարդացումից հետո, այլ կանխարգելման կամ վաղ հայտնաբերման նպատակով։
«Շատ կարևոր է չսպասել, մինչև հիվանդությունը դրսևորվի։ Կան բազմաթիվ վիճակներ, որոնք հնարավոր է կանխել կամ ավելի արդյունավետ վերահսկել վաղ փուլում», - նշել է նա։
Երկրորդ խնդիրը, ըստ մասնագետի, դեղորայքի ինքնուրույն դադարեցումն է կամ այլ մարդկանց փորձով բուժվելը։
«Շատ հաճախ պացիենտները ասում են՝ ինչ-որ մեկը խմել է այս դեղը, իրեն լավ է զգացել, և ես էլ սկսեցի ընդունել։ Բայց յուրաքանչյուր դեղորայք նշանակվում է կոնկրետ մարդու համար՝ հաշվի առնելով նրա հիվանդությունները, ալերգիկ ֆոնը և ընդհանուր վիճակը», - ընդգծել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ թվացյալ անվնաս ինքնաբուժումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։
Եթե ոչինչ չի ցավում, արդյոք ամեն ինչ կարգի՞ն է
«Շատ ուրախ կլինեմ, որ մարդը չունի սրտային գանգատներ, բայց կարևոր է հասկանալ՝ ինչպիսին է նրա ընդհանուր ռիսկը», - ասել է Ղազարյանը։
Բժիշկը խորհուրդ է տալիս գնահատել՝
- արդյոք ընտանիքում եղել են սրտային հանկարծամահության դեպքեր,
- կա՞ն ժառանգական սրտային հիվանդություններ,
- կա՞ն վնասակար սովորություններ,
- ինչպիսի՞ն է մարդու տարիքը և մարմնակազմությունը։
«Միայն դրանից հետո կարելի է հասկանալ՝ արդյոք անհրաժեշտ է սիրտ–անոթային կանխարգելիչ հետազոտություն», - նշել է սրտաբանը։
Ամփոփում
Սրտի առողջության պահպանման գլխավոր սկզբունքը, ըստ մասնագետի, ոչ թե հիվանդության առաջին նշանին արձագանքելն է, այլ հնարավոր ռիսկերը ժամանակին գնահատելն ու կանխարգելելը։ Ժամանակակից սրտաբանության նպատակը միայն հիվանդությունը բուժելը չէ՝ այլ թույլ չտալ, որ այն զարգանա կամ հայտնաբերվի արդեն բարդացած փուլում։

