ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելու

29.09.2026, 11:52
Եթե դատավճիռն ի կատար ածվի, դա կլինի նահանգում կնոջ առաջին մահապատիժը 1820 թվականից ի վեր
ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելու

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Թենեսի նահանգում սեպտեմբերի 30-ին նախատեսվում է մահապատժի ենթարկել 50-ամյա Քրիստա Փայքին։ Եթե դատավճիռն ի կատար ածվի, դա կլինի նահանգում կնոջ առաջին մահապատիժը 1820 թվականից ի վեր, հաղորդում է Associated Press-ը։

Փայքը 18 տարեկան էր, երբ 1995 թվականին սպանեց իր 19-ամյա համակուրսեցի Քոլին Սլեմերին՝ դառնալով մահապատժի դատապարտված ամենաերիտասարդ կանանցից մեկը։

Փայքը և նրա ընկեր Թադարյլ Շիփը մեղավոր են ճանաչվել Նոքսվիլի Job Corps կենտրոնում իրենց հետ սովորող Սլեմերի սպանության համար։ Դատախազների տվյալներով՝ Փայքը կարծում էր, որ Սլեմերը ռոմանտիկ հարաբերություններում իր մրցակիցն է, նրան տարել էր մեկուսի վայր, որտեղ Փայքն ու Շիփը խոշտանգել և սպանել էին աղջկան։

Գործը լայն արձագանք էր ստացել հանցագործության առանձնակի դաժանության, դրա մասնակիցների երիտասարդ տարիքի, ինչպես նաև զոհի մարմնի վրա սատանայական խորհրդանիշի առկայության պատճառով։ Շիփը հետագայում խոստովանել է, որ հենց ինքն է Սլեմերի մարմնի վրա պենտագրամ փորագրել։

Փայքը չի հերքում իր մեղքը։ Սակայն նրա փաստաբաններն ու աջակիցները պնդում են, որ մահապատիժը համարժեք պատիժ չէ 18 տարեկանում կատարված հանցագործության համար՝ հաշվի առնելով, որ նա այդ ժամանակ չբուժված հոգեկան խնդիրներ ուներ և ծանր մանկություն էր ունեցել՝ ենթարկվելով սեռական բռնության և անտեսման։

Փաստաբանների խոսքով՝ Փայքը մանկուց ենթարկվել է սեռական բռնության, իսկ 11 և 17 տարեկանում՝ բռնաբարության։ Հետագայում նրա մոտ ախտորոշվել են երկբևեռ խանգարում և հետտրավմատիկ սթրեսային խանգարում։

Փայքի փաստաբանները նաև նշում են, որ ներկայում շատ ավելին է հայտնի դեռահասների ուղեղի զարգացման առանձնահատկությունների մասին։ Նրա ընկեր Շիփը, որը հանցագործության պահին 17 տարեկան էր, տարիքի պատճառով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։ 2025 թվականին նրա պայմանական ազատման դիմումը մերժվել է։ Գործով երրորդ դեռահասը խոստովանել է, որ հանցագործությանն օժանդակել է, և ստացել է պայմանական պատիժ։

Միևնույն ժամանակ Սլեմերի մայրը՝ Մեյ Մարտինեսը, կողմ է դատավճռի կատարմանը՝ նշելով, որ տասնամյակներ շարունակ սպասել է դրան։

Թենեսիի նահանգապետ Բիլ Լին երկուշաբթի հայտարարել է, որ չի ներում Փայքին և չի միջամտի դատավճռի կատարմանը։ Փայքի փաստաբանները դիմել են ԱՄՆ Գերագույն դատարան՝ մահապատիժը կասեցնելու խնդրանքով։

Թենեսիի ուղղիչ հաստատությունների դեպարտամենտի պաշտոնական տվյալներով՝ Փայքի մահապատիժը նշանակված է սեպտեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 10։00-ին, Նեշվիլի Riverbend Maximum Security Institution բանտում։

ԱՄՆ-ում կանանց մահապատիժները հազվադեպ են։ 1976 թվականից ի վեր երկրում մահապատժի է ենթարկվել 18 կին, ինչը կազմում է այդ ժամանակահատվածում իրականացված բոլոր մահապատիժների մոտ 1%-ը։