Մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գևորգ Թամամյանը։
«Պատիվ ունեմ հայտարարելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում իմ թեկնածության մասին, որն առաջադրվել է Բոտսվանայի Հանրապետության կողմից։ Ես խորապես շնորհակալ եմ Նախագահ՝ Փաստաբան Դումա Գիդեոն Բոկոյին և Բոտսվանայի կառավարությանը՝ ցուցաբերված վստահության համար»,-գրել է Թամամյանը՝ հավելելով, որ Բոտսվանան աշխարհին ցույց է տվել, թե ինչի կարող է հասնել վճռական ազգային առաջնորդությունը արտակարգ առողջապահական մարտահրավերների պայմաններում։
«Ամբողջ կյանքս նվիրել եմ մանկական ուռուցքաբանությանը՝ բուժօգնություն ստեղծելով այնպիսի վայրերում, որտեղ ռեսուրսները սահմանափակ էին, իսկ համայնքները՝ անտեսված։ Ես տեսել եմ, թե ինչպես են երեխաները փրկվում, երբ քչերն էին հավատում դրան։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես են երեխաները մահանում միայն այն պատճառով, թե որտեղ են ծնվել։ Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով է ապրելու»,-գրել է Թամամյանը։
Թամամյանը նշել է, որ իր տեսլականն է ունենալ ավելի ուժեղ, արագ և արդյունավետ գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որը սերտորեն կհամագործակցի անդամ պետությունների հետ՝ ապահովելով առողջապահական առաջընթացի հասանելիությունը յուրաքանչյուր մարդու համար։
«Առաջիկա ամիսներին անհամբերությամբ սպասում եմ աշխարհի բոլոր տարածաշրջանների անդամ պետությունների հետ լսելու և համագործակցելու հնարավորությանը»,-եզրափակել է նա։

