20 մլն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ․ երգչի թիմը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երգիչ Թաթա Սիմոնյանի թիմը հերքել է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե երգիչը պետական միջոցներից ստացել է 20 մլն դրամ անձնական հոնորար։
«Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ 20 միլիոն դրամը նախատեսված է ամբողջ երաժշտական նախագծի իրականացման համար և չի հանդիսանում Թաթա Սիմոնյանին վճարված անձնական հոնորար», - նշված է պարզաբանման մեջ։
Թիմից հայտնել են, որ այս պահի դրությամբ այդ գումարից շուրջ 2 միլիոն դրամ արդեն իսկ վճարվել է որպես հարկ, 2 միլիոն 600 հազար դրամ փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին` ստեղծագործության ձայնագրության համար, 1 միլիոն 390 հազար դրամ վճարվել է Levon Travel ընկերությանը։
Բացի այդ, շուրջ 2 միլիոն դրամ ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամ կազմել է ստուդիայում ձայնային մշակումը, իսկ մոտ 700 հազար դրամ՝ ադմինիստրատիվ ծախսերը։
«Այսպիսով, վերոնշյալ և արդեն իսկ կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 միլիոն դրամ», - նշված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Հետագա աշխատանքների և վճարումների ընթացքում ևս առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ։
«Նշենք նաև, որ ստեղծագործության հեղինակը հենց Թաթա Սիմոնյանն է, սակայն որպես երգի հեղինակ նա որևէ առանձին հեղինակային հոնորար չի ստացել։
Այս պարզաբանման նպատակը պարզապես իրական պատկերը ներկայացնելն է․ խոսքը մեկ ամբողջական երաժշտական նախագծի բյուջեի մասին է, ոչ թե Թաթա Սիմոնյանին վճարված 20 միլիոն դրամ անձնական հոնորարի», - հայտնել են Թաթա Սիմոնյանի թիմից։

