Քաղաքապետարանին հրահանգել են տեսանյութերում չցուցադրե՞լ Արարատը․ կառույցից պարզաբանում են

29.09.2026, 13:57
ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, թե Երևանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել այնպիսի տեսանյութեր, որոնց կադրերում երևում է Արարատ լեռը
Քաղաքապետարանին հրահանգել են տեսանյութերում չցուցադրե՞լ Արարատը․ կառույցից պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, թե Երևանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել այնպիսի տեսանյութեր, որոնց կադրերում երևում է Արարատ լեռը։

Նաև նշվում է, որ նման տեսարանների առկայության դեպքում տարբեր բաժիններ հրահանգ են ստանում հեռացնել տեսանյութը և նոր տարբերակով հրապարակել, որտեղ չի երևա Արարատը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը հերքել է տեղեկությունը։

«Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ»,- գրել է Ազարյանը Facebook-յան իր էջում։

Նա նշել է, որ քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով՝ փողոցներով, բակերով, տրանսպորտով ու քաղաքի իրական խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»։

«Երբ փաստ չկա, մնում է երևակայությանը «զոռ տալ»»,- նշել է քաղաքապետի մամուլի քարտուղարը։