Երևանի խանութներում 60-ամյա անձը հրդեհային անվտանգության մասնագետ է ներկայացել և գումարներ կորզել (ՎԻԴԵՈ)

29.09.2026, 15:20
60-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտ կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր. ՎԻԴԵՈ
Երևանի խանութներում  60-ամյա անձը հրդեհային անվտանգության մասնագետ է ներկայացել և գումարներ կորզել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույնատիպ գործելակերպի վերաբերյալ։

Ինչպես փոխանցում է ՆԳՆ ոստիկանությունը, հաղորդումները փոխանցվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները։

Առաջին դեպքում տղամարդը մտել է շրջանցիկ թունելի փողոցում գտնվող խանութ, ներկայացել որպես հրդեհային անվտանգության մասնագետ, իբր կատարած ստուգումների վերաբերյալ ակտ կազմել, ապա որպես սպասարկման վճար վերցրել 40 հազար դրամ։

Սեպտեմբերի 20-ին նա նույն եղանակով գործել է նաև Կոմիտասի պողոտայում գտնվող երկու խանութներում։

Դրանցից մեկում տղամարդը հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով պահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց։ Սակայն, երբ աշխատակիցը խնդրել է պայմանագրի երկրորդ օրինակը, նա մերժել է։ Կասկածելով փաստաթղթի իսկությանը՝ աշխատակիցը գումար չի վճարել։

Մյուս խանութում տղամարդը հայտնել է, թե հրդեհային անվտանգության վերահսկողությունը խստացվել է, և խաբեությամբ աշխատակցից կորզել է 40 հազար դրամ։

«Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Աբովյան քաղաքի 60-ամյա բնակիչը։ Վերջինս խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- հայտնել է Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկան Գեորգի Արզումանյանը։

60-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտ կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։

Նա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է նախաքննական մարմին։