Ձերբակալվել է գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը

29.09.2026, 20:22
ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վահրամ Սահակյանի ձերբակալման հանգամանքների վերաբերյալ

Ձերբակալվել է գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ձերբակալվել է գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը։

ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վահրամ Սահակյանի ձերբակալման հանգամանքների վերաբերյալ։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում»,-նշվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն: 

Ըստ հաղորդագրության սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):

Նա ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։