Դուբայից Թել Ավիվ թռչող օդանավը հնարավոր առևանգման ազդանշան է տվել․ ԶԼՄ

30.09.2026, 11:02
Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Boeing 737 օդանավը հնարավոր առևանգման ազդանշան է տվել
Դուբայից Թել Ավիվ թռչող օդանավը հնարավոր առևանգման ազդանշան է տվել․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Flydubai ավիաընկերության FZ1073 Դուբայ–Թել Ավիվ չվերթն իրականացնող ուղևորատար օդանավը տագնապի ազդանշան է փոխանցել, իսկ հետո՝ օդանավի կառավարմանը հնարավոր ապօրինի միջամտության դեպքում օգտագործվող ծածկագիր:

Իսրայելի ռազմաօդային ուժերը կործանիչներ է օդ բարձրացրել, սակայն ինքնաթիռի զավթման հաստատում դեռևս չկա:

Flightradar24-ի տվյալներով՝ Boeing 737 MAX 8-ը սկզբում փոխանցել է 7700 ծածկագիրը, որը նշանակում է ընդհանուր վթարային իրավիճակ: Այնուհետև, ինչպես հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները, կարճատև ակտիվացվել է 7500-ը՝ տրանսպոնդերային միջազգային ծածկագիրը, որն օգտագործվում է հնարավոր զավթման կամ այլ ապօրինի միջամտության դեպքում: Դրանից հետո ինքնաթիռը կրկին փոխանցել է 7700:

The Times of Israel-ը հայտնում է, որ օդանավը փոխել է ընթացքը Սաուդյան Արաբիայի վրայով և սկսել է վայրէջք կատարել Թաբուկի շրջանում: Իսրայելական կործանիչները օդ են բարձրացվել տագնապի ազդանշանը ստանալուց հետո:

Ynet-ի տվյալներով՝ օդանավում գտնվում է Իսրայելի ավելի քան 150 քաղաքացի: ԶԼՄ-ների նախնական հաղորդագրություններում շրջանառվում էին տվյալներ մոտ 180 ուղևորների մասին, սակայն պաշտոնապես նրանց հստակ թիվը դեռևս հաստատված չէ:

The Jerusalem Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ օդանավի զավթման հաստատում չկա. դիտարկվող վարկածների թվում է նաև տեխնիկական անսարքությունը:

Flydubai-ի պաշտոնական հաղորդագրությունը միջադեպի պատճառների մասին այս պահին չի հրապարակվել: