Ֆրանսիայում լույս կտեսնի հայ հեղինակների՝ հայկական խոհանոցին նվիրված գիրքը

30.09.2026, 11:37
Ֆրանսիայում լույս կտեսնի Կորին և Ռիշար Զարզավաջյանների հեղինակած գիրքը, որը նվիրված է հայկական խոհանոցին և աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքների գաստրոնոմիկ ավանդույթներին
Ֆրանսիայում լույս կտեսնի հայ հեղինակների՝ հայկական խոհանոցին նվիրված գիրքը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայում լույս կտեսնի Կորին և Ռիշար Զարզավաջյանների հեղինակած «La Cuisine des Arméniens. Recettes et histoires de la diaspora à travers le monde» («Հայերի խոհանոցը․ Սփյուռքի բաղադրատոմսերն ու պատմություններն ամբողջ աշխարհից») գիրքը, որը նվիրված է հայկական խոհանոցին և աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքների գաստրոնոմիկ ավանդույթներին։

Գիրքը հրատարակում է ֆրանսիական Solar հրատարակչությունը։ Այս մասին LinkedIn-ի իր էջում հայտնել է համահեղինակ Կորին Զարզավաջյանը։

«Գաղափարն իրականություն դարձնելու համար ժամանակ է պետք։ Հղկում ես, փնտրում, հարցեր տալիս, նորից սկսում... Եվ մի օր ձեռագիրը գիրք է դառնում»,- գրել է նա՝ նշելով, որ գիրքն արդեն պատրաստ է և շուտով կհայտնվի գրախանութներում։

Կորին Զարզավաջյանի խոսքով՝ գիրքը ստեղծվել է եղբոր՝ Ռիշար Զարզավաջյանի հետ և ընթերցողին տանում է խոհարարական ճանապարհորդության Հայաստանի ու հայկական Սփյուռքի աշխարհով։

Գրքում ներառված է 70 խորհրդանշական բաղադրատոմս։ Հեղինակները ներկայացնում են, թե ինչպես են հայկական ավանդական ուտեստները փոխակերպվում, հարմարվում և նորովի մեկնաբանվում Սփյուռքը ձևավորած ընտանեկան պատմությունների ազդեցությամբ։

Գրքում ներկայացված խոհարարական ճանապարհորդությունն ընդգրկում է Հայաստանը և Սփյուռքի տարբեր համայնքներ՝ ԱՄՆ-ից ու Լիբանանից մինչև Արգենտինա, Ավստրալիա, Սենեգալ և Ճապոնիա։

Հեղինակի ներկայացմամբ՝ «La Cuisine des Arméniens»-ը միաժամանակ խոհարարական գիրք և ճանապարհորդական պատմություն է՝ հայկական խոհանոցը ներկայացնելով որպես ինքնության, սերունդների միջև կապի և աշխարհին բաց լինելու արտահայտություն։

Գրքի առաջաբանը գրել է պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Պասկալ Օրին։

«La Cuisine des Arméniens»-ն արդեն հասանելի է նախնական պատվերի համար։