Թաթոյանը կոչ է արել ԵՄ-ին հավասարապես արձագանքել Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ՀՀ ԱԺ ընտրություններին հնարավոր միջամտությանը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԺ ընտրություններում ռուսական ազդեցությանը հակազդելու պատրաստակամություն հայտնած Եվրոպական միությունը պետք է նույնքան հետևողականորեն արձագանքի նաև Ադրբեջանից բխող սպառնալիքներին։
Այս մասին ասված է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի նամակում, որն ուղղվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Ինչպես նշել է Թաթոյանը, նամակում ներկայացված են փաստեր, որոնք, ըստ նրա գնահատականի, վկայում են Հայաստանում հնարավոր իշխանափոխության հետ կապված Ադրբեջանի կողմից ուղղակի և քողարկված սպառնալիքների մասին։
«Արձանագրված են հետևյալ դեպքերը. Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Հայաստանում ընդդիմության հաղթանակը կարող է դրդել Ադրբեջանին պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի վերահսկողության տակ գտնվող թերթը նշել է, որ Հայաստանում «ռևանշիստական» կառավարությունը «կառավարելու ոչինչ չի ունենա»։ Իսկ Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցը հայտարարել է, որ «առանձնապես կարևոր է», որպեսզի Հայաստանում իշխանությունը մնա այն ուժերի ձեռքում, որոնք համապատասխանում են Ադրբեջանի ռազմավարական նպատակներին»,- նշվում է նամակում։
Թաթոյանի խոսքով՝ այս հայտարարությունները համակցության մեջ իրենցից ներկայացնում են Բաքվի իշխանության ներկայացուցիչների փորձը՝ վախեցնելու միջոցով ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա։
Նա կոչ է արել Հայաստանում ԵՄ առաքելությանը հրապարակայնորեն դատապարտել նման հայտարարությունները և դրանք որակել որպես ընտրական գործընթացի վրա արտաքին ազդեցության անօրինական և անընդունելի փորձ։ Բացի այդ, Թաթոյանն առաջարկել է ընդլայնել այն մեխանիզմները, որոնք ԵՄ-ն օգտագործում է ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար՝ դրանցում ներառելով նաև ադրբեջանական միջամտության փորձերի բացահայտումը, հրապարակային լուսաբանումը և կանխումը։
Թաթոյանն ընդգծել է, որ արտաքին միջամտության դեմ պայքարը չպետք է լինի ընտրողաբար մոտեցմամբ և, նրա կարծիքով, պետք է մղվի անկախ աղբյուրից։

