Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

20.04.2026, 18:53
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ:

Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով Դատախազությանը և հավելելով, որ դատարանը մերժել է Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը։

Վարդան Ղուկասյանի կալանքի մասին

2025թ.-ի հոկտեմբերի 21-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով։

Հոկտեմբերի 20–ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հարությունյանը հայտարարել է, որ նա մեղադրանքը չի ընդունում։

2025թ.-ի նոյեմբերի 21-ին Գյումրու քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նոր մեղադրանքը ներկայացվել է դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար: