Նուբարաշենի աղբավայրի սանհանգույցում տհաճ հոտ է տարածվել, տնօրենը լույսը վառել է և պայթյուն է տեղի ունեցել, երկու մարդ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մանրամասներ են ներկայացվել Նուբարաշենի աղբավայրի պայթյունից։
Նշվում է, որ ապրիլի 18–ին ժամը 18։00-ի սահմաններում սանհանգույցում արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել` ինչով է այն պայմանավորված, ներս է մտել, լույսը վառել է և պայթյունը տեղի է ունեցել, նշել են այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Ինչպես նշել է Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, աղբավայրի սանհանգույցի հատվածում կոյուղագծի միջոցով բիոգազի, շմոլ գազի կուտակում է տեղի ունեցել, որը հանգեցրել է պայթյունի։
Պայթյունի հետևանքով 2 անձ տեղափոխվել են հիվադանոց։
«Երկուսի վիճակը գնահատվում է կայուն ծանր, բայց մի փոքր դրական դինամիկա կա։ 15% ախտահարում է մաշկի, ձեռքերի և դեմքի շրջանում։ Կարևորը շնչառական օրգանները ախտահարված չեն, մաքուր են։ Այս պահին կայուն ծանր է գնահատվում, բայց դրական դինամիկայով», - ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ անհրաժեշտ է ամբողջական մոնիթորինգ անցկացնել աղբավայրի բոլոր այն հատվածներում, որտեղ նմանատիպ վտանգ կա։
«Շատ վատ դեպք է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի։ Սա կարող էր լինել նաև զոհերով, այսինքն՝ բավականին վտանգավոր միջավայր է, և պետք է մաքսիմալ համապատասխան սարքավորումներով հագեցած լինի։ Բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ, պետք է պահպանվեն անվտանգության ամենաբարձր կանոնները», - ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ նմանատիպ դեպքերը վկայում են այն մասին, որ անվտանգության կանոնների հետ կապված դեռևս շատ անելիք կա։
«Հետևապես, խնդրում եմ սա ֆիքսենք՝ որպես հանձնարարական, բոլոր համապատասխան հետազոտություններից հետո կլսենք ձեր առաջարկները», - նշեց Ավինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել։ Դեպքի վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

