Երկու շաբաթում հավաքագրվել է 8 նոր ավտոբուսի գումար. տրանսպորտային պարկը կհամալրվի 45 նոր տրոլեյբուսով․ Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի տրանսպորտում նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին ընդամենը երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«2 շաբաթվա ընթացքում մենք հավելյալ 235 միլիոն գումար ենք հավաքագրել` ի համեմատություն դրա նախորդ 2 շաբաթների»,— ասաց Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ չնայած նոր մեթոդի առաջացրած որոշակի անհարմարություններին, այն բավականին էֆեկտիվ է հավաքագրման և կարգապահության տեսանկյունից։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաև, կարելի է ասել, սպասարկում էին այն օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում», - նշեց քաղաքապետը։
Ավինյանը տեղեկացրեց որ մայրաքաղաքի տրանսպորտային պարկը շուտով կհամալրվի 45 նոր տրոլեյբուսներով։
Նա նաև հայտնեց, որ արդեն պետք է պատրաստվի նաև 170 նոր ավտոբուսների գնման հայտը։

