Կբարձրանան Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը․ ովքեր և որքան հավելավճար կստանան
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի շտապօգնության ծառայության բուժաշխատողների և վարորդների աշխատավարձերը ապրիլ ամսվանից կբարձրանան։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
«Նախատեսում ենք, որ ապրիլ ամսվա համար կստանան բժիշկները, բուժքույրերը, ֆելդշերները՝ 20%-ով ավելի, գծային բրիգադները, վարորդները՝ 30%-ով ավելի աշխատավարձ: Նախատեսված է նաև, որ ֆելդշերական և հոգեբուժական բրիգադների աշխատավարձը կբարձրանա 25%-ով», - նշեց Կարապետյանը։
Ըստ վարչության պետի՝ հաշվարկն իրականացվելու է մարտի 1-ից, և քանի որ մարտ ամսվա աշխատավարձերն արդեն վճարվել են, բոլոր աշխատակիցները կստանան միանվագ պարգևատրում 40 հազարական դրամի չափով։

