ՖԻԴԵ-ն մեկնաբանել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի դեմ ներկայացված մեղադրանքների հետ կապված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՖԻԴԵ-ն հայտարարել է, որ տեղյակ է Հայաստանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին առաջադրված նախնական մեղադրանքներին:
Այս մասին հայտնել է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։
«Գրոսմայստեր Լպուտյանը անձ է, ով նշանակալի ներդրում է ունեցել շախմատի զարգացման մեջ՝ ինչպես շախմատի խաղատախտակի շուրջ, այնպես էլ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում իր երկարամյա գործունեությամբ, և մենք հույս ունենք, որ իրավիճակը արագ կլուծվի օրենքի շրջանակներում՝ լիակատար հարգանքով բոլոր ներգրավված անձանց իրավունքների նկատմամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Ֆեդերացիան նշել է, որ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը երկար ժամանակ կարևոր է եղել շախմատի գիտության զարգացման և ՖԻԴԵ-ի կրթական ծրագրերի համար։
«Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը ՖԻԴԵ-ի այս տարվա գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է»,-ասվում է հայտարարության տեքստում։
Լպուտյանի ձերբակալության մասին
Շաբաթ օրը հաղորդվել է, որ քրեական հետաքննության շրջանակում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և համալսարանի մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ և գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։
Լպուտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն գրոսմայստերին մեղադրանք է առաջադրել խարդախության և կեղծիքի օժանդակության համար։ Նա հավելել է, որ գործում ներգրավված է Մանկավարժական համալսարանում գործող հետազոտական կենտրոնը, որը ղեկավարում է Լպուտյանը։ Լպուտյանը մի քանի ժամ անց ազատ է արձակվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

