Արման Ծառուկյանը 13։1 հաշվով հաղթել է ամերիկացի Յուրայա Ֆեյբերին ԱՄՆ–ում կայացած RAF 08 մրցաշարում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հաղթել է ամերիկացի Յուրայա Ֆեյբերին Ֆիլադելֆիայում կայացած RAF 08 մրցաշարում:
Մենամարտը անցել է Ծառուկյանի լիակատար վերահսկողության ներքո և ավարտվեց ժամանակից շուտ՝ տեխնիկական առավելությամբ՝ 13:1 հաշվով, երրորդ ռաունդի կեսին։ Չնայած գոտեմարտը նախատեսված էր երեք ռաունդով, արդեն վերջին հատվածում Արմանի առավելությունը դարձավ ճնշող, հաղորդում է sportaran–ը։
Մարտից հետո Ծառուկյանը վազել է ռինգով՝ ուսերին պարզած Հայաստանի դրոշը:
Այս հաղթանակը դարձավ Ծառուկյանի չորրորդը RAF-ի ազատ ոճի մրցաշարերում՝ էլ ավելի ամրապնդելով նրա դիրքը որպես լիգայի առաջատարներից մեկը։
Մենամարտից հետո Արմանը բարձրաձայն հայտարարություն արեց․ նա պայմանավորվածություն է ձեռք բերել հաջորդ մենամարտը անցկացնել Քոլբի Քովինգտոնի հետ։ Ակնկալվում է, որ նրանց դիմակայությունը կկայանա արդեն RAF-ի մոտակա մրցաշարում։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Ծառուկյանին և նրա թիմի ևս երեք անդամների հեռացրել էին American Airlines ավիաընկերության Լոս Անջելես — Ֆիլադելֆիա չվերթից: Այդ ժամանակ լրագրող և բլոգեր Ադամ Զուբայրայևը սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել էր, թե մարզիկին և նրա ուղեկիցներին ինքնաթիռից դուրս են հրավիրել թռիչքի նախապատրաստման ժամանակ բջջային հեռախոս օգտագործելու համար:
Սակայն ավիաընկերությունից նախօրեին նշել էին այլ պատճառ՝ հայտարարելով, որ Ծառուկյանը և նրա ուղեկիցները, ինքնաթիռի գետնով շարժվելու ընթացքում, գտնվել են միջանցքում և հրաժարվել են զբաղեցնել իրենց տեղերը:

