Ծառուկյանի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որը գլխավորում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, երկուշաբթի օրը ԿԸՀ է ներկայացրել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը:
ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Լուիզա Սարգսյանը, Արա Այվազյանը, Արմեն Մանուկյանը, Մետաքսյա Բաբայանը, Մարտուն Գրիգորյանը, Սուրեն Սուրենյանցը, Էլինար Վարդանյանը և Վահե Հովհաննիսյանը:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցի համաձայն՝ քաղաքական ուժերի առաջադրման հայտերի ներկայացումը մեկնարկել է ապրիլի 13-ին: Գրանցումը կավարտվի մայիսի 3-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 18-ին և կավարտվի ընտրություններից երկու օր առաջ՝ հունիսի 5-ին:

