Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ․ Փաշինյան

18.04.2026, 17:11
Վարչապետը նաև հիշեցրեց , որ թուրքական ավիաընկերություններից մեկն արդեն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Փորձում ենք հնարավորություններ գտնել՝ նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերությունները», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ թուրքական ավիաընկերություններից մեկն արդեն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած պայմանավորվածության ժամանակ:

Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկայում նաև Գյումրիի ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից։

«Ինձ համար հարցն այն չէ՝ դա տեղի կունենա արդյոք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կամ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա», - նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի դրանք հնարավորինս շուտ տեղի ունենան: