Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան

17.04.2026, 20:13
Նա նաև հայտնել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը
Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Թուրքիան հետևողականորեն առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց դա անում է Ադրբեջանի հետ համակարգված, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է 1lurer-ը։

«Մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ պետք է լավը լինեն։ Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և դա անում ենք Ադրբեջանի հետ համակարգված», - ասել է Թուրքիայի նախագահը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի բացման արարողության ժամանակ։

Նա նաև հայտնել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։

Հայ-թուրքական երկխոսության մասին

Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականից, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Հիմնական խնդրահարույց հարցերի թվում մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

2021 թվականի դեկտեմբերին հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

2023 թվականի հունվարի 1-ից երկրների միջև հնարավոր դարձան ուղիղ օդային բեռնափոխադրումները։

2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեցին առանց նախապայմանների կարգավորումը շարունակելու պատրաստակամությունը։

2025 թվականի ապրիլի 12-ին երկու երկրների ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկեցին երկկողմ օրակարգը, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուբինյանն ու Քըլըչը Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվեցին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկաթուղու, Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի և ավիաչվերթների քանակի ավելացմանն ուղղված նախագծերը։