Հայաստանի հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ, որն առաջին հերթին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ է. վարչապետ

15.04.2026, 16:39
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ, ասել է Փաշինյանը
Հայաստանի հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ, որն առաջին հերթին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․  Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ, հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տվյալ դեպքում ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է, և որը 2024 թ.-ի աշնանը վավերացվել է 2 երկրներում և հիմա թե՛ Ադրբեջանում, թե՛  Հայաստանում ունի պարտադիր իրավական ուժ», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ, որն առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շնորհիվ է։

Ըստ վարչապետի՝ առաջիկայում մեզ սպասում են մեծ ու պատմական իրադարձություններ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի իրագործումը, որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, որը կապահովի մեր պետությունների և ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը:

TRIPP նախագծի մասին  

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։  

2025թ.-ի դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։