Արարատ Միրզոյանն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը

14.04.2026, 16:35
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել սույն թվականի մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստմանը
Արարատ Միրզոյանն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել սույն թվականի մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստմանը։ Ընդգծվել է այնպիսի ծրագրերի իրականացման կարևորությունը, որոնք կապահովեն շոշափելի արդյունքներ Հայաստանի քաղաքացիների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական իրականացման հարցեր։

Միրզոյանը և Կալասը կարևորել են ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը՝ որպես արժեքահեն գործընկերության հիմնասյուն։ Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցող մեխանիզմների արդյունավետության բարձրացման շուրջ։

Կողմերն ընդգծել են փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածություն, էներգետիկ անվտանգություն և համագործակցության խթանում ոլորտներում։

Հանդիպման ավարտին նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։