Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի կզգային, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը չլիներ. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի, թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ:
Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հաստատված խաղաղության շնորհիվ այսօր Ադրբեջանից նավթամթերք է ներկրվում ՀՀ, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչներն արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել։
Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական նավթամթերքի ներկրումն այն վերջին գործոնն էր, որի արդյունքում ավարտվեց «նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում» օպերացիան, որը տևում էր 8 տարի:
«Մեր քաղաքացիները հարցնում են՝ ինչո՞ւ 8 տարի։ Շատ պարզ պատասխան ունի․ որովհետև այդ դեպքերում մենք ոչ թե ուղղակի պարզ գործողություն ենք անում, մենք բառիս բուն իմաստով մաֆիայի դեմ ենք պայքարում»,- ասել է Փաշինյանը։

