ChatGPT-ի, Gemini-ի և Claude-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել տարբեր երկրներում
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Downdetector ծառայության տվյալներով՝ ChatGPT-ի աշխատանքում խափանում է գրանցվել: Երևանի ժամանակով 18:30-ի դրությամբ (17:30-ին՝ ըստ աղբյուրի) ծառայությունն արձանագրել է ավելի քան 1,7 հազար բողոք:
OpenAI-ի էջում նշված է. «Օգտատերերը չեն կարողանում բեռնել ChatGPT-ն և Codex-ը: Մենք ուսումնասիրում ենք նշված ծառայությունների հետ կապված այս խնդիրը»:
Ինչպես հայտնել է РБК-ն, բրաուզերով ChatGPT-ի էջ մուտք գործելու փորձի ժամանակ հայտնվում է հաղորդագրություն խնդրի մասին՝ մոտ ժամանակներս փորձը կրկնելու խնդրանքով:
Խափանում է տեղի ունեցել նաև Gemini չատ-բոտի աշխատանքում: Google-ում հայտնել են «վերջերս ստեղծված բանալիների մշակման» հետ կապված խնդիրների մասին:
Downdetector-ի տվյալներից հետևում է, որ խափանումներից դժգոհում են նաև Anthropic-ի Claude-ի օգտատերերը: Ընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 20-ին որոշ օգտատերեր բախվել են ֆայլերի բեռնման դժվարությունների հետ, սակայն այժմ խնդիրը վերացված է:
ChatGPT-ի աշխատանքի խափանումներ մի քանի անգամ արձանագրվել էին նաև փետրվարին: Այն ժամանակ օգտատերերը հայտնում էին պատկերների գեներացման ժամանակ առաջացած սխալների մասին:

