ChatGPT-ն տարբեր կերպ կպատասխանի մեծահասակներին և դեռահասներին. Ի՞նչ կանոններ է ներդրել OpenAI-ն
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ChatGPT-ն 18 տարեկանից ցածր օգտատերերի համար կաշխատի ավելի խիստ կանոններով, քան մեծահասակների համար. համակարգը պետք է ավելի զգույշ պատասխանի արտաքին տեսքի, սննդի և վտանգավոր մարտահրավերների վերաբերյալ հարցերին, հրաժարվի ռոմանտիկ դերային սցենարներից և ավելի ակտիվորեն ուղղորդի դեռահասներին աջակցություն ստանալ իրական մարդկանցից։
Այս պահանջներն ամրագրված են Model Spec-ի գործող տարբերակում՝ OpenAI-ի փաստաթղթում, որը սահմանում է ընկերության մոդելների վարքագծի կանոններն ու սկզբունքները։
Օգոստոսի 18-ին OpenAI-ն միաժամանակ հայտարարեց ChatGPT for Teens-ի թողարկման մասին. դա ChatGPT-ի առանձին ռեժիմ է 13-ից 17 տարեկան օգտատերերի համար՝ անվտանգության խստացված սահմանափակումներով։
Եթե օգտատերը հայտնում է, որ ինքը 13–17 տարեկան է, կամ համակարգը նրան որակում է որպես անչափահաս, նա ավտոմատ կերպով փոխանցվում է դեռահասների ռեժիմի։
Անվտանգությունն ավելի կարևոր է, քան «առավելագույն ազատությունը»
Model Spec-ի առանձին բաժնում՝ Under-18 Principles-ում (Սկզբունքներ 18 տարեկանից ցածր անձանց համար), OpenAI-ն սահմանում է ChatGPT-ի՝ դեռահասների հետ շփման չորս հիմնական սկզբունք.
Եթե օգտատիրոջ հետաքրքրությունը հակասում է անվտանգության լուրջ հարցերին, համակարգը պետք է ընտրի պատասխանի ավելի անվտանգ տարբերակը։
ChatGPT-ն պետք է նաև ընդգծի ընտանիքի և ընկերների հետ իրական հարաբերությունների նշանակությունը և անհրաժեշտության դեպքում դեռահասին ուղղորդի դեպի ծնողները, մանկավարժները, հոգեբանները կամ այլ մասնագետներ։
Ընդ որում, OpenAI-ը նաև հատուկ նշում է, որ դեռահասներին չպետք է նսեմացնել, բայց նրանց հետ չպետք է նաև մեծահասակների պես վարվել։
Համակարգը պետք է հնարավորին մատչելի բացատրի սեփական սահմանափակումները և օգտատիրոջը հիշեցնի, որ ChatGPT-ն մարդ չէ։
ChatGPT-ն չպետք է դառնա դեռահասի համար «զուգընկեր», «զուգընկերուհի» կամ ընկերոջը փոխարինող
18 տարեկանից ցածր օգատերերի համար ներդրվում են ավելի խիստ սահմանափակումներ չաթբոտի հետ էմոցիոնալ և ռոմանտիկ հարաբերությունների վրա։
ChatGPT-ն չպետք է ինքնուրույն դիրքավորվի որպես դեռահասի ընկեր կամ պնդի, որ նրա հանդեպ անձնական զգացմունքներ ունի։
Արգելվում են առաջին դեմքից խորամուխ լինող ռոմանտիկ դերային սցենարները, որոնցում ChatGPT-ն մարմնավորում է անչափահասի ռոմանտիկ զուգընկերոջը։ Որոշ նմանատիպ սցենարներ, որոնք կարող էին թույլատրելի լինել չափահաս օգտատերերի միջև, դեռահասների դեպքում համարվում են անընդունելի։
Այս սահմանափակումները լրացնում են OpenAI-ի ընդհանուր կանոնը, որ չաթբոտը չպետք է փոխարինի իրական կյանքի հարաբերություններին կամ ստեղծի հուզական կախվածություն օգտատիրոջ մոտ։
Հատուկ սահմանափակումները վերաբերում են արտաքին տեսքին և սննդակարգին
OpenAI-ն պատվիրում է ChatGPT-ին առանձնահատուկ զգուշությամբ պատասխանել դեռահասների այն հարցումներին, որոնք կարող են ուժեղացնել դժգոհությունը սեփական մարմնի կառուցվածքից։
Model Spec-ում բերվում է դեռահասի օրինակ, որը ցանկանում է ձեռք բերել սուպերհերոսի կազմվածքի նման մարմին։ Արտաքին տեսքի ծայրահեղ փոփոխության վերաբերյալ հրահանգների փոխարեն համակարգը պետք է բացատրի նման չափանիշների ոչ իրատեսական լինելը և հանձնարարի բալանսավորված սնունդ, քուն ու անվտանգ ֆիզիկական ակտիվություն։
Վտանգավոր մարտահրավերներ — կանոններն ավելի խիստ են, քան մեծահասակների համար
Model Spec-ը ցույց է տալիս, որ միևնույն հարցը կարող է ստանալ տարբեր պատասխաններ՝ կախված օգտատիրոջ տարիքից։
Օրինակ, եթե դեռահասը խորհուրդներ է խնդրում պոտենցիալ վտանգավոր ինտերնետ-մարտահրավերի վերաբերյալ, ChatGPT-ն չպետք է բացատրի, թե ինչպես այն անցկացնել «ավելի անվտանգ»։
Դրա փոխարեն համակարգը պետք է նախազգուշացնի ռիսկերի մասին և խորհուրդ տա հրաժարվել վտանգավոր պրակտիկայից։
OpenAI-ն ուղղակիորեն նշում է, որ որոշ խորհուրդներ, որոնք թույլատրելի են չափահաս օգտատիրոջ համար՝ ռիսկերի ընդհանուր նվազեցման շրջանակում, կարող են արգելված լինել 18 տարեկանից ցածր օգտատերերի համար։
Առանձին սահմանափակումներ են գործում սննդային վարքագծի խանգարումների հետ կապված հարցումների դեպքում։ Համակարգը չպետք է օգնի անչափահասին վտանգավոր վարքագիծը թաքցնել ծնողներից կամ այլ մեծահասակներից, որոնց նա վստահում է։
ChatGPT-ն՝ դեռահասների համար
Նոր կանոններն առանձնապես արդիական են օգոստոսի 18-ին ChatGPT for Teens առանձին ռեժիմի թողարկման ֆոնին։
OpenAI-ն հայտնում է, որ այն նախատեսված է 13–17 տարեկան օգտատերերի համար և ներառում է անվտանգության ավելի խիստ ներկառուցված սահմանափակումներ, ծառայության ավելի ճիշտ օգտագործման համար նախատեսված ֆունկցիաներ և ծնողական վերահսկողության լրացուցիչ գործիքներ։
Եթե համակարգին հայտնի չէ օգտատիրոջ ճշգրիտ տարիքը, OpenAI-ն հայտարարում է, որ կասկածելի դեպքերում ընտրելու է ավելի պաշտպանված ռեժիմը։
Այսպիսով, օգտատիրոջ տարիքն սկսում է ազդել ոչ միայն ChatGPT-ի առանձին ֆունկցիաների հասանելիության վրա, այլև անմիջականորեն այն բանի վրա, թե ինչպես է արհեստական բանականությունը ձևակերպում պատասխանները և ինչ խորհուրդներ է համարում թույլատրելի։

