Հովիկ Աղազարյանի կուսակցությունը ներկայացրել է ընտրական ցուցակը. պատգամավորը չի գլխավորի այն
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցությունը (ՄԱՍԿ) հրապարակել է ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը։
Ցուցակը գլխավորում է Օֆելյա Ավագյանը։ Երկրորդ տեղում է Հովիկ Աղազարյանը, երրորդ տեղում՝ Հակոբ Ասլանյանը։
Առաջին տասնյակում են նաև Ռուբեն Մելքոնյանը, Լյովա Մելքոնյանը, Նաիրա Մարտոսյանը, Իվան Աղազարյանը և այլք։
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվության և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է կազմակերպել: Դրանք պարզվել են և դարձել հեռացման հիմքերից մեկը։
Աղազարյան VS Քյարամյան
2024 հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։
Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։
Քրեական գործ
Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։

