Շղթայական ավտովթար՝ Երևան-Իջևան ճանապարհին. փրկարարները վիրավորներին դուրս են բերել ձորակից
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 125 կմ հատվածում, «Պոլկովնիկ» ռեստորանի հարևանությամբ բախվել են «Mazda», «Rivian» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Աբովյան», մյուս մասը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ։
Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա շտապօգնության բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

