«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել

21.04.2026, 17:25
«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ միավորելով իրենց քաղաքական օրակարգը
«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը։

Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով, որ ՀՀ-ն կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ»,-նշված է կուսակցության Facebook-յան էջում տարածած հաղորդագրության մեջ։

Համագործակցության հիմքում ընկած է.

1. Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը,

2. Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման։

3. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն, պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։