Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով:
Այս մասին հայտնում է aysor.am-ը։
Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվել 2025 թվականի հունիսի 18-ից դեկտեմբերի 30-ը, ինչից հետո խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:
Նրան մեղսագրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր: Քրեական գործի առիթ են հանդիսացել Կարապետյանի հայտարարությունները՝ արված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ միշտ սատարել է Հայ Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին և հավելել էր, որ քաղաքական գործիչների ձախողման դեպքում «պատրաստ է իր ձևով մասնակցել տեղի ունեցողին»:
Ավելի ուշ Կարապետյանին առաջադրվել են նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար: Կարապետյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։

